Ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի տրամադրումը հասարակության մեջ բազմաթիվ քննարկումների թեմա տվեց, որտեղ մասնավորապես հետևյալ միտքն էր արծարծվում։ Փաստորեն, քաղաքական դիսկուրսի մեջ շարունակում են աճել հակառուսական տրամադրությունները, իշխանությունն էլ կարծես ներքին խողովակներով դեմ չէ հակառուսականության թեզերի ագիտացիային (իհարկե, չափի մեջ ու վերահսկելի)։ Սակայն բանն այն է, որ այսքանով հանդերձ Հայաստանը կար և մնում է Ռուսաստանից կախված։ Խոսքն, իհարկե, ինքնաթիռի տրամադրման մասին էր, որն անմիջապես ժամանեց Հայաստան այն ժամանակ, երբ իշխանությունները դիմեցին ՌԴ կառավարությանը, ու սա փաստեց ևս մեկ անգամ, որ, անկախ տրամադրություններից, առանց Ռուսաստանի Հայաստանը յոլա գնալ չի կարող։ Բազմաթիվ հաշվարկների, հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ԻԼ-76 ինքնաթիռ կարող էր ունենալ և Հայաստանը, սակայն բնական աղետները մեր երկրում՝ պայմանավորված կլիմայով, տեղի են ունենում տասը տարին մեկ անգամ։ Հետևաբար այդքան միջոցներ հատկացնել ինքնաթիռ գնելու ու պահելու համար, ավելի լավ է վարձով կամ, ինչպես որ Հայաստանն արեց, պարզապես խնդրել դաշնակցից։ Ի դեպ՝ սա էլ առանձին թեմա է։ Հայաստանը պարտքի տակ չի մնացել Ռուսաստանի հանդեպ, այլ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց փոխօգնության հասնելու համար, քանզի ընդամենը մի քանի ամիս անց Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած հրդեհների հետևանքով Հայաստանից նույնպես փրկարարական ջոկատ էր ժամանել ու օգնել ռուս գործընկերներին մարել հրդեհը։ Մի խոսքով՝ կարելի է ասել, որ թեկուզ ոչ սեփական ուժերով, սակայն ամեն դեպքում Հայաստանին հաջողվեց առնել բնական աղետի դեմը։ Հրդեհները նահանջել են, ու հաջողվել է մարել դրա հիմնական վտանգները։ Հուսանք՝ նման աղետներ այլևս չեն կրկնվի ու եթե կրկնվեն էլ, ապա Հայաստանը ստիպված չի լինի դիմել ինչ-որ մեկին օգնության համար թեկուզ և պայմանագրով նախատեսված դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել