Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումն ստացած սկանդալային գործի կարճման որոշումից հայտնի են դարձել մի շարք ուշագրավ մանրամասներ:

Աղբամաններից հայտնաբերված Տարոն Մարգարյանի օգտին ՊՊԾ գնդի ձայների ցուցակների մասով ՀՔԾ-ն չի հերքել, որ դրանք առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը դեռեւս մայիսին իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի մոտ գտնվող աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, վկայում են, որ Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:

Ըստ «Ելք»-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել են, երբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն: Խոսքն այս դեպքում ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններով կազմված ցուցակի մասին էր, որում նշված էր՝ ընտրություններում ով ինչքան ձայն պետք է ապահովի ՀՀԿ-ի համար: ՊՊԾ աշխատակիցների մասով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց եւ որոշ ժամանակ անց կասեցվեց:

Armtimes.com-ի ձեռքի տակ է գտնվում ՀՔԾ-ի՝ քրեական գործը կարճելու մասին որոշումը՝ բաղկացած18 էջից:

Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ այս գործով հարցաքննվել են նաեւ ոստիկանները՝ մասնավորապես, ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանը եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանը: Հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ ցուցակներն անմիջական առնչություն են ունեցել ՊՊԾ աշխատակիցների հետ, սակայն պարզել է, թե այդ գրառմամբ ցուցակը վերաբերել է «Հավաք» ազդանշանի ժամանակ ՊՊԾ գնդի կադրային շարժին: ՀՔԾ-ն պարզել է, որ ցուցակը կազմվել է ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ստեփան Քիլիմջյանի կողմից եւ 2017թ-ի մայիսի 10-ին ֆաքսիմելային կապի միջոցով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ անձնակազմի գծով ավագ տեսուչ Արշակ Գեւորգյանին: Ըստ ՀՔԾ-ի՝ ցուցակում Ստեփան Քիլիմջյանը ձեռագիր նշել է՝ «փոխանցել Արշակ Գեւորգյանին» արտահայտությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել