Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունները չեն խանգարում Հայաստանին միաժամանակ բոլոր երեք երկրների հետ շարունակել լավ հարաբերություններ կառուցել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը: Նա նշեց, որ Հայաստանի անվտանգությունից ու շահերից ելնելով մենք լավ հարաբերություններ ենք կառուցում Իրանի, ՌԴ-ի ու ԱՄՆ հետ: Պատգամավորը նշեց, որ լավ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարգավորվեին, բայց ներկայումս էլ, նրա խոսքով, Հայաստանի համար լարվածությունը վտանգավոր չէ: 

- Ներկայումս ԱՄՆ հարաբերություններն Իրանի ու Ռուսաստանի հետ բավական լարված են: Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ աշխարհաքաղաքական այս լարվածությունը: 

- Իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն այս տարածաշրջանում որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանին, ձեռնտու չէ: Մեզ համար լավ կլինի, որ Իրանը վերջնականապես դուրս գա ԱՄՆ պատժամիջոցների տակից: Միաժամանակ, կարծում եմ, որ Իրանն ու ԱՄՆ-ն համատեղ բլեֆի քաղաքականություն են վարում, այլևս չեն վերադառնա նախկին հարաբերություններին, երբ Իրանի համար դրանք լուրջ ազդեցություն ունեին, կմնան ներկայիս հարաբերություններում:

- Կարծիքներ կան, որ ԱՄՆ լարվածությունը ՌԴ և Իրանի հետ Հայաստանի համար կունենա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հետևանքներ, Հայաստանն այլևս չի կարողանա մանևրել և ստիպված կլինի ընտրություն կատարել երեք տարբեր խաղացողների միջև:

- Չեմ կարծում, որ նման զարգացում կարող է լինել: Իրանը Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից լավ, բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Հայաստանի հետ և հենց մեր անկախության առաջին օրերից էլ գտնվել է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների տակ: ԱՄՆ և Իրանի հարաբերությունները 25 տարի է լավ չեն: Իհարկե, Հայաստանի համար շահեկան կլիներ, որ Իրանի և ԱՄՆ հարաբերությունները բարիդրացիական լինեին, բայց կանխատեսել, որ հետևանքները միայն տնտեսականով չեն ավարտվի, որ մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել, ինձ համար հիմնավոր չեն: Հայաստանի նախաձեռնությամբ Իրանը ակտիվ համագործակցելու է ԵԱՏՄ հետ, ստորագրելու է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիր, իսկ Հայաստանն այս պարագայում դառնալու է կամուրջ ԵԱՏՄ ու Իրանի միջև: Այնպես որ չեմ կարծում, թե մենք ընտրելու առաջ կկանգնենք: Մենք հազարամյակներ է՝ Իրանի հետ հարևան ենք, և լավ կլինի, որ մեզ ԱՄՆ-Իրան հարաբերություններում չխառնեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել