Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա դատական նիստ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից ներկայացված Հրաչյա Հարությունյանի՝ ՌԴ-ի դատավճիռը Հայաստանում ճանաչելու միջնորդության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հրաչյա Հարությունյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013 թ.հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին է եղել, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել