«Սասնա ծռերի» գործողություններն ու նախկինում առաջ քաշած պահանջներն այս ընթացքում փոփոխության են ենթարկվել։ Այս պահին վերջիններիս կողմից շոշափվող հիմնական թեման ապագաղութացման, Ռուսաստանի քաղաքականությունը մերժելու ծրագիրն է։ Խնդիրը ներառվել էր անգամ Ծռերի երկարաշունչ ճանապարհային քարտեզում։ Հրապարակված փաստաթղթի բովանդակությունը թողնենք մի կողմ և ուշադրություն դարձնենք Ծռերի ապագաղութացման շուրջ հայտարարություններին։ Օրինակ՝ մի քանի օր առաջ Վարուժան Ավետիսյանը կոչով դիմել էր երիտասարդներին, որում ասվում էր․ (առավել հետաքրքիր կետերը)

1․ Հզորացնել «Սասնա ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով:
2. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը:
4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրել։

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ «Սասնա ծռերի»՝ ապագաղութացման վերաբերյալ յուրաքանչյուր կոչ «համեմված է» զինված հարձակման մասին հիշատակմամբ։ Երեկվա հայտարարությունը բացառություն չէր և «հզորացնել «Սասնա ծռեր» ազատագրական շարժումը» արտահայտությունը եթե ոչ զինված պայքարի կոչ, ապա առնվազն իրենց՝ զինված պայքարից հետ չմնալու մասին հիշատակում էր։
Նախորդ հայտարարություններից մեկում էլ, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական գծերի մասին, Ավետիսյանը ընդգծել էր «զենքերը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ վայր դնել» արտահայտությունը։ 
Խնդիրն այն է, որ Արևմուտքը մերժում է ցանկացած զինված պայքարի մեթոդ։ Ծռերն իրենց ճանապարհային քարտեզում էլ չէին հստակեցնում, թե որն է լինելու Ռուսատանի հետ հարաբերությունների խզման կամ ԵԱՏՄ-ի այլընտրանքը։

«Սասնա ծռերի» անդամները նույնպես չափազանց լավ գիտակցում են, որ իրենց որդեգրած քաղաքականությունը մերժված է Արևմուտքի կողմից, և այս ձևաչափով նրանց առաջ քաշած թեզիսները չեն կարող ընդունվել արևմտյան գործընկերների կողմից։ Անհասկանալի է մնում, սակայն, թե երեք օրը մեկ ապագաղութացման ու ֆիդայական ոգով գրված տեքստերն ինչ նպատակ են հետապնդում։ Նման գործելաոճն առաջ տանելն ակնհայտ է, որ կասկածի տակ է դնելու Հայաստանում պրոարևմտյան բևեռի կառուցման գաղափարը։ Ծռերը զենքի ու զինված խմբավորման մասին ցանկացած հիշատակումով էլ ավելի են հեռվացնում իրենց ծրագրերը քաղաքակիրթ աշխարհից՝ ստվերելով և արժեզրկելով Հայաստանում այս պահին գործող արևմտամետ ուժերին։ Այսքանից հետո դեռ հարց է առաջանում, թե ում են ձեռնտու «Սասնա ծռերի» հակառուսական կոչերը։

Հ․Գ․ Զավեշտալի է, որ միևնույն տեքստում խոսվում է և՛ քաղաքակիրթ աշխարհից, և՛ «Սասնա ծռերի» ազատագրական շարժումը հզորացնելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել