Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ներկայացրել է Կոսովոյի բաժանման բանաձևը, ըստ որի՝ Կոսովոյի հյուսիսային` սերբերով բնակեցված շրջանը պետք է տարանջատվի և միանա Սերբիային։

Նա նշել է, որ Կոսովոյի մնացած սերբերին պետք է տրամադրել ինքնավարություն, իսկ սերբական միջնադարյան վանքերը պետք է ստանան հատուկ ինքնավար կարգավիճակ։
Սերբիայի ԱԳ նախարարը կարծես թե շոշափում է հասարակական կարծիքը թե՛ Սերբիայում, թե՛ Կոսովոյում ու հարևան Ալբանիայում`փորձելով գտնել ավելի փոխզիջումային տարբերակ` Կոսովոն բաժանել էթնիկ-կրոնական սահմաններով։ Մինչ այդ Բելգրադի դիրքորոշումն ավելի կտրուկ էր ու միանշանակ․ Կոսովան Սերբիայի մասն է, այդպես է եղել պատմականորեն, և Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունն` ի տարբերություն մի շարք արևմտյան և ոչ միայն, երկրների, որոնք ճանաչել են Կոսովայի անկախությունն այսօրվա առկա սահմաններով։

Եթե Սերբիան փորձի հյուսիսային, սերբական Կոսովոն միացնել իրեն, ապա, չնայած այնտեղ գտնվում են միջազգային խաղաղապահ ուժեր, դա կարող է դառնալ նախադեպ` Բալկաններում կրկին էթնիկ-կրոնական սահմաններով պետությունների սահմանները փոփոխելու համար, գլուխ են բարձրացնելու Великая Сербия–ի (пансербизм) գաղափար (շատ սերբեր բնակվում են որպես փոքրամասնություն Սերբիային հարևան երկրներում), ինչպես նաև Великая Албания-ի(паналбанизм) գաղափարը` Կոսովոյում մեծամասնություն (95%), կազմող ալբանացիները (ալբանացիներ են բնակվում նաև Բալկանյան այլ երկրներում), կցանկանան միանալ Ալբանիային։ Իրավիճակն այդ պարագայում Բալկաններում կդառնա պայթյունավտանգ, ու ԵՄ-ն կսկսի ընդունել արդեն հարյուր հազարավոր ներքին տեղահանված անձանց և փախստականներին Բալկաններից։
Հիշեցնենք, որ վերջերս Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է լրագրողներին, որ բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը։

«Ես չեմ կարող և չեմ ուզում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ոչ մի պարագայում նման բան տեղի չի ունենա», - հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել:
Կոսովոյում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել ՊԱՆ կոալիցիան, որի առաջնորդները ժամանակին մաս են կազմել այպես կոչված Կոսովոյի ազատագրման բանակին։ ՊԱՆ-ի մեջ են մտնում «Կոսովոյի ապագայի համար» ալյանսը, որը գլխավորում է Ռամուշ Խարադինայը, Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը` առաջնորդ Հաշիմ Տաչին է, ինչպես նաև «Կոսովոյի նախաձեռնությունը», ղեկավարը` Ֆաթմիր Լիմայան։

Նրանք բոլորն էլ մասնակցել են սերբերի էթնիկ զտումներին, խնդիրներ ունեն միջազգային օրենքների հետ, իսկ Տաչին և այլք նաև կասկածվում են մարդկանց առևանգումների, օրգանների վաճառքի և այլ հանցագործությունների մեջ։ Օրինակ՝ Խարադինայը պատերազմի ժամանակ գլխավորում էր «Սև արծիվներ» հատուկ ջոկատը, որը զբաղվում էր մարդկանց առևանգումներով, կտտանքներով և սերբերի նկատմամբ դաժան գործողություններով։

Այսինքն՝ Կոսովոյում իշխանության են եկել դաշտային հրամանատարները, ովքեր էլ ավելի անզիջում դիրքորոշում են որդեգրելու Կոսովոյի անկախության, տեղի փոքրաթիվ սերբական համայնքի, ինչպես նաև ընդհանրապես Սերբիայի նկատմամբ։ Աջերի, ազգայնականների իշխանության գալը Կոսովոյում էլ ավելի է սրելու իրավիճակը Բալկաններում, իսկ հաշվի առնելով վերոհիշյալ անձանց մարտական ուղին՝ նրանք չեն խուսափելու նաև զենքի ուժով Կոսովոյի հյուսիսը սերբերից «զտելու» մարտավարությունից ու Ալբանիայի հետ միավորվելուց` Մեծ Ալբանիա գաղափարի շրջանակներում։
Սերբիան էլ թույլ չի տա սերբական փոքրամասնության վերջնական ոչնչացում Կոսովոյում ու կարող է զորքեր մտցնել հայրենակիցներին պաշտպանելու համար. Բալկաններում կարող է տեղի ունենալ նոր պատերազմ, որին «proxy war»-ի տրամաբանությամբ միջամտելու են, հօգուտ Սերբիայի, ՌԴ-ն, իսկ Կոսովոյի ու Ալբանիայի օգտին` ԱՄՆ-ն, ԵՄ-ի որոշ երկրներ և հնարավոր է նաև Թուրքիան` պանիսլամական, նեոօսմանական ռազմավարության շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ Կոսովոյի խորհրդարանը վերջերս բանաձև է ընդունել սեփական զինված ուժերի ստեղծման մասին։ Կոսովոյի կառավարությունը անվտանգության ուժերի փոխարեն շտապ կերպով սկսելու է զինված ուժերի ձևավորման գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել