Ընկերներիցս մեկի գրառման քննարկումներից հասկացա, որ Երևանի Չարբախ տեղանունն անհասկանալի է շատերի համար:

Տեղանունը պարսկերենից է՝ բառացիորեն՝ «չորս այգի» (պրսկ. چهارباغ [չահար բաղ] կամ چارباغ [չար բաղ]), սակայն այս բառով Իրանում և հարակից երկրներում բնորոշվում էր Արևմուտքում «պարսկական այգի» կոչվող իրանական ավանդական այգին, որի պատմությունը հասնում է մինչև Աքեմենյանների ժամանակներ:

Այս այգին ուներ հատուկ կառուցվածք. պարտադիր շրջապատված էր պատով, ներսում կային ամառային պալատ, ծառերի, թփուտների ու ծաղիկների շարքեր, քայլուղիներ և հաճախ շատրվանով ջրավազան, որին չորս կողմից միանում էր մեկական առու՝ այդպիսով այգին բաժանելով չորս մասի, ինչի պատճառով էլ այն կոչվում էր «չարբաղ», որը բառացիորեն կարելի է թարգմանել «քառայգի»:

Ցավոք, տեղյակ չեմ՝ արդյո՞ք պատմական վկայություններ կան, բայց, ամենայն հավանականությամբ, ներկայիս Չարբախի հատվածում Երևանի պատմության խանական ժամանակաշրջանում պետք է, որ եղած լինի նման մի այգի, ինչի հետևանքով էլ հետագայում ողջ տարածքը կոչվել է մինչև մեր օրերը հասած հայտնի անունով:

Ավանդական «պարսկական այգու» կամ «չաբախ-քառայգու» գծապատկերը՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել