Արդեն երկու շաբաթ է ալիևյան որոշ ԶԼՄ-ներ ակտիվ ռուսամետ քարոզչություն են տանում: Ու՞մ համար է այն նախատեսված: Համոզված եմ, որ այդ քարոզը տարվում է ոչ թե ադրբեջանցիների, այլ հայերի և մասամբ միամիտ և անտեղյակ ռուսաստանցիների համար:
Ռուսաստանի անտրամաբանական արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ, երբ մեր ռազմավարական գործընկերը, չնայած մեր դժգոհություններին շարունակում է զինել մեր հակառակորդին, ինչպես նաև շանտաժի տեսոքով խորհուրդ է տալիս մեզ ռուսերեն լեզուն հռչակել որպես երկրորդ պետական լեզու, չի ճանաչում Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները, հակառուսական տրամադրությունների աճ են արձանագրել Հայաստանում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, Բաքում որոշել է իր լուման ևս ներդնել հակառուսական տրամադրությունները Հայաստանում էլ ավելի տարածելուն և սրելուն: Հենց սրանով է պայմանավորված ալիևյան կայքերի կողմից ցուցաբերվող «ռուսամետ» ակտիվությունը և Արցախյան գոյամարտի տարիներին տեղի ունեցած որոշ իրադարձությունների վերաբերյալ ազերի նախկին պաշտոնյաների՝ նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի և նախկին նախագահ Այազ Մութալիբովի «բացահայտումները», որոնց մասին հայ հասարակությունը շատ վաղուց է տեղյակ:
Այսպես, նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը ölkə.az-ին տված հարցազրույցում անկեղծացել էր և հայտարարել, որ ժամանակին ինքը վարձկան զինվորականների էր հրավիրել Ռուսաստանից, որոնց միջոցով հողեր էր ազատագրում Արցախում․․․ Համոզված եմ, որ Հուսեյնովն ի նկատի ունի 1992 թ-ի հուլիսի 12-ի իր գլխավորությամբ կազմակերպված հարձակումը Շահումյանի և Մարտակերտի ուղղությամբ, որի արդյունքում արցախյան կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ:
Իսկ արդեն օգոստոսի 12-ին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն է անկեղծացել haqqin.az-ի հետ զրույցում և հայտարարել, որ ԽՍՀՄ-ի գոյության վերջին շրջանում իր կողմից վարված գրագետ քաղաքականության արդյունքում ռուսների հետ համատեղ կազմակերպել է «Օղակ» օպերացիան, որի արդյունքում, ըստ Մութալիբովի, հայկական ավազակախմբերից մաքրվել է Խանլարի շրջանը, նվազեցվել է Գյանջայի գլխլին կախված վտանգը, իսկ Խանքենդիի վրա ծածանվել է ադրբեջանական դրոշը:
Հուսեյնովի և Մութալիբովի հայտնած տեղեկությունները բացարձակ սենսացիոն չէին և հայտնի էին շատերին: Սակայն Ալիևյան վարչակարգը որոշել է իր օգտին ծառայեցնել հայ-ռուսական հարաբերություններում նկատվող խնդիրները՝ նախկին պաշտոնյաների շուրթերից հնչածները ներկայացնելով որպես բացահայտում և հայ հասարակությանը համոզելու, որ Արցախյան գոյամարտի տարիներին ռուսները եղել են ադրբեջանցիների կողքին: Բաքվում հույս ունեն, որ այս «բացահայտումների» շնորհիվ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կսրվեն: Բաքուն Հուսեյնովի և Մութալիբովի միջոցով նաև մեսիջներ է հղում Մոսկվային, ցույց տալով, որ չի մոռացել նրա լավություններն ադրբեջանցիներին:
Կարելի էր նաև մտածել, որ Հուսեյնովը և Մութալիբովը կատարում են Մոսկվայի պատվերները և հիշեցնում են Բաքվին իրենց արած լավությունների մասին և հասկացնում են ադրբեջանցիներին, որ եթե վերջիններս ռուսամետ կողմնորոշում ընդունեն, ապա Արցախյան հարցում կարող են ակնկալել Մոսկվայի աջակցությանը: Սակայն Սուրեթ Հուսեյնովը և Այազ Մութալիբովը, ովքեր ժամանակի եղել են Ալիևների թշնամիները և Բաքու են վերադարձել Ալիևների կողմից կիրառվող նվաստացումներն անցնելուց հետո, չէին կարող ինքնուրույնություն դրսևորել այս հարցում կամ կատարել Մոսկվայի պատվերները: Այդպիսով, ըստ իս, Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցների «հեղինակները» նստած են Իլհամ Ալիևի աշխատակազմում:
Հաշվի առնելով այդ ամենը կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտարածել համացանցի հայկական տիրությում Հուսեյնովի և Մութալիբովի հարցազրույցները և դրանք չներկայացնել որպես մեծ «բացահայտումներ», քանի որ այդ ամենը շատ վաղուց բացահայտված է: Այդ ամենը տարածելով մեր հայրենակիցները նաև ադրբեջանցիների քարոզչության զոհն են դառնում՝ ջուր լցնելով Բաքվի ապատեղեկատվական ջրաղացին:
Այո, եթե ՌԴ-ն ինչ-որ սխալ քայլ է անում Հայաստանի նկատմամբ, մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ դեպքերում նաև քննադատենք: Բայց դա ՄԵՆՔ պետք է անենք, այլ ոչ թե թույլ տանք, որ մեր արանքում հայտնվի Բաքուն, ով իր շահերն է առաջ տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել