Tert.am-ը գրում է.

Մինչև մետրոյի նոր կայարաններ չբացվեն, Երևանում տրանսպորտի հարցը չի լուծվելու: Իսկ «միասնական օպերատորը», «միասնական տոմսը» ուղղակի գեղեցիկ բառակապակցություններ են, որոնք մարդկանց շփոթության մեջ գցելու համար են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ եթե մետրոյի կայարանների խնդիրը դրված չէ, արդեն նախատեսված ծրագիրը կյանքի չի կոչվի. «Շատ ավելի պարզ է լուծումը, քան այս ամեն ինչը ներկայացնում են: Իրականում ոչ ոք չի ուզում Երևանի տրանսպորտի հարցը լրջագույնս լուծել»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

- Պարո՛ն Խաչատրյան, երեկ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ տրանսպորտի միասնական համակարգ է ներդրվելու և գծատերեր այլևս չեն լինելու: Սա կարո՞ղ է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները լուծել: 

- Այդպիսի հայտարարություններ առաջին անգամ չենք լսում: Այդպիսի հայտարարություններ եղել է, նոր չէ, բայց, համենայնդեպս, կա քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիր: Թե ինչքանով իրականություն կդառնա քաղաքային իշխանությունների այդ հայտարարությունը, դժվար է ասել: Ես շատ մեծ վերապահումներ ունեմ բոլոր հայտարարությունների հետ կապված: Այժմ միայն խոսակցություններ են, եթե այդ փաստաթուղթը հրապարակվի, կծանոթանանք և ավելի կոնկրետ կխոսենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ ոչ:

- Նաև հայտարարվեց, որ տրանսպորտի գինը պետք է կախված լինի ուղղությունից, հեռավորությունից, այն, ինչը եվրոպական քաղաքներում է: Սա Երևանի համար աշխատո՞ղ լուծում է:

-Երևանի դեպքում չեմ կարծում, որ դա ինչ-որ բան փոխելու է, որովհետև շատ երկար չեն տրանսպորտի տեղաշարժման հեռավորությունները: Այնպես որ, սա ավելի շատ մոդայի հետևից ընկնել է: Իրականությունից հեռու ինչ-որ որոշումներ են կայացնում: Մեկ ուրիշ ավելի կարևոր խնդիր կա, որի մասին չեն ուզում խոսել: Այն է՝ մինչև մետրոյի նոր կայարաններ չբացվեն, Երևանում տրանսպորտի հարց չի լուծվելու: Մետրոն եթե նույնիսկ չաշխատի խորհրդային միության ժամանակ նախատեսված ծրագրով, գոնե դրա մի քիչ ավելի կրճատված տարբերակով լինի: Բայց մետրոյի զարգացման մասին որևէ խոսք չկա, այս պայմաններում Երևանում տրանսպորտի հարց չի լուծվելու:

- Աջափնյակի և Արաբկիրի կայարանների մասի՞ն է խոսքը:

- Այո, այո: Իրենք դրանից խուսափում են, բայց եթե մետրոն չաշխատեց, Երևան քաղաքում տրանսպորտի հարցերը չեն լուծվելու:

- Եթե տեսականորեն պատկերացնենք, որ նոր կայարաններ են բացվում, որքան է սակագինը կազմելու: Միայն Երևանում է, որ մետրոյի ուղևորատոմսը 100 դրամ արժե, մենք գիտենք դա ինչ արժե Մոսկվայում, եվրոպական քաղաքներում: Նոր մետրոն պետք է եվրոպական գների՞ն մոտ լինի: 

- Եվրոպական գների հետ գործ չունենք: Այդ ամեն ինչը հերիք է համեմատենք, որովհետև հակառակ կողմն էլ կա: Եվրոպական ապրելակերպ տվեք ժողովրդին, եվրոպական աշխատավարձ տվեք և դրան համապատասխան մետրոյի գինը 100 դրամից թող դառնա 2 դոլար: Համեմատությունը ավելի շատ դեմագոգիա է, պետք չէ: Երբ ասում են գինը կբարձրանա կամ չի բարձրանա, դա էլ է դեմագոգիա: Սխեման ստեղծեք, ամեն ինչը թող սկսի աշխատել, մարդիկ զգան, որ տրանսպորտից օգտվել է լինում, նոր կարելի է գինը բարձրացնել կամ իջեցնել: Շուկայական տնտեսություն է, հազարավոր լուծումներ կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել