Armsport.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 12-ին կայանալիք ԱԱ2019-ի նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը ՀԲՖ մամուլի քարտուղարությանը մեկնաբանություն տվեց առաջիկա խաղի վերաբերյալ․

«Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։

4-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ։ Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ Երևանում։ Հավասար կազմ ունեն, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։ Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել և խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։

Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը և նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է խաղին։ Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք և առավելագույնս կենտրոնացած գործենք»։

Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենայում» և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել «YouTube»-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել