Tert.am-ը գրում է.
Միջազգային և ս հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա ազդեցություն չեն ունենա: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բուն պատերազմի մեջ չեն:

«Ունեն հակասություններ և դրանք դեռևս ընթացքի մեջ են, բայց ընդհանուր առմամբ նրանք որոշ հարցերում անգամ համագործակցում են: Պետք չէ չափազանցնել, որ եթե կա լարվածություն, ապա այդ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև այլ ձևաչափերի վրա: Ինչ խոսք, կարող է նման բան լինել, բայց այս պարագայում Ռուսաստանն անգամ փորձում է օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ԱՄՆ-ի հետ օրակարգից դուրս քննարկելու այն հարցերը, որոնք վերաբերում են կոնկրետ իրենց հակասություններին»,-  նկատեց նա:
 Գևորգ Մելիքյանի խոսքով՝ ՄԽ ձևաչափը, չնայած ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարվածությանը, կշարունակի աշխատել: «Միևնույն է, այնտեղ շատ քայլեր այս պահին չեն սպասվում: Մեծ պայմանավորվածությունների հարց չկա, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միացյալ համաձայնության շատ պահեր չեն պահանջում»,- նշեց նա:
 Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարվածությունը չի ազդի նաև Հայաստան-Եվրամիության հարաբերությունների, մասնավորապես Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք հանաձայնագրի ապագայի վրա:
«Եվրամիության մի շարք երկրներ դեմ են, որ Ռուսաստանի նկատմամբ այսպիսի խիստ քաղաքականություն վարվի: Բայց ընդհանուր առմամբ, բոլորը հասկանում են, որ եկել է այն պահը, որ Ռուսաստանը զիջումների գնա գլոբալ քաղաքականության մեջ, և դրան կարող են հասնել, եթե Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցի Եվրամիության հետ»,- ասաց նա:

Իսկ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները, ըստ Գևորգ Մելիքյանի, ածանցյալ հարաբերություններ են և չեն մտնում «մեծ սխեմաների» մեջ: «Չեմ կարծում, որ նոյեմբերին խնդիրներ կլինեն Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման հետ կապված: Եվ եթե լինի էլ, ապա կապված չի լինի Միացյալ Նահանգներ-Ռուսաստան  հարաբերությունների հետ: Այս պահի դրությամբ սակայն նկատելի է, որ խնդիրներ չպետք է լինեն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել