Yerkir.am-ը գրում է.
Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Կամո Դավթյանն այսօր բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Մարտունու շրջանի վարչակազմի, Թուֆենկյան հիմնադրամի, գյուղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիյան Կոմիտէ»ի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել:

Կամո Դավթյանը նախաձեռնության շրջանակներում ընդգրկված յոթերորդ զինվորն է և Արցախյան 90-ական թվականների ազատամարտի երկրորդ մանակիցը, ով Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված տուն է ստացել:

«Երջանիկ եմ, որ վերջապես այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կլինենք ապրել: Միակ ցանկությունս է, որ պատերազմում կռված բոլոր ընկերներս գլխի վերևում տանիք ունենան և ապրեն իրենց սեփական տներում», - բնակարանամուտի ընթացքում ասաց Կամո Դավթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել