Life.tert.am-ը գրում է.

Մեկ շաբաթից ավելի է` ռեփեր Սուպեր Սաքոն Հայաստանում է։ Tert.am Life-ի հետ զրույցում ռեփերը պատմեց երևանյան այցի, նոր ծրագրերի և մինչ օրս քննարկվող «Մի գնա» երգի մասին։

–Սաքո, որքա՞ն ժամանակ է Երևանում եք և ի՞նչ նպատակով եք վերադարձել։

–Արդեն մեկ շաբաթ է` այստեղ եմ։ Հայաստանին մոտ տարբեր քաղաքներում համերգային շրջագայություն ունեմ։ Այստեղից ավելի հեշտ է գնալ, մասնակցել ու հետ գալ։ Բացի այդ, Երևանում նոր տեսահոլովակ եմ նկարահանել։ Աշխատանքի հետ համատեղ նաև հանգստանում եմ ընտանիքիս հետ։ Երևան եմ եկել կնոջս և երկու երեխաներիս հետ։ Երկար ժամանակ է, ինչ նրանք Հայաստանում չէին եղել։ Հատկապես, երեխաներս անհամբեր սպասում էին, թե երբ են մեկնելու Հայաստան։ Նրանց շատ ենք պատմել Երևանի մասին, ուզում էին, անպայման, տեսնել մեր քաղաքը։

–Այս ընթացքում հասցրե՞լ եք ընտանիքի անդամների հետ շրջել Հայաստանով։

–Այո, չնայած ժամանակը շատ սուղ է և ավելի շատ տեղերում կցանկանայի լինել, կարողացել ենք մի քանի տեղ գնալ։ Երեխաներիս շատ է դուր եկել այստեղ։ Եղել ենք Արցախում, Տաթևում, Սևանում։ Շատ կցանկանայի լինել Դիլիջանում, Ալավերդիում, բայց, ցավոք, չեմ հասցնի։

 

 

–Ի՞նչ տեսահոլովակ եք նկարահանել Երևանում։

–Արգենտինացի երգչի հետ զուգերգ է։ Ինձ համար նոր ոճի աշխատանք, որով նոր շուկա եմ մտնելու։ Երգը լատինո ոճում է։ Հուսով եմ, ինչպես «Մի գնա» երգը մեծ արձագանք ստացավ, այնպես էլ սա լատինո աշխարհում կսիրվի։ Չնայած «Մի գնան» իմ ուժերից վեր բան էր։ Ես չհասկացա` ինչպես այն տարածվեց ու սիրվեց։ Չեմ կարծում, որ այս երգը գրանցի նույն հաջողությունը։

 

–Ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակը Հայաստանում նկարահանել։

–Հայաստանում տեսահոլովակ նկարահանող խմբերի աշխատանքներն ինձ շատ են դուր գալիս։ Բացի այդ, ինչու այդ գումարը ծախսեմ ԱՄՆ–ում, եթե կարող եմ ծախսել այստեղ, ու հայերը գումար աշխատեն։ Նկարահանումներն իրականացրել ենք պահեստներում, նկարահանման ստուդիաներում։ Սիրում եմ, որ  իմ տեսահոլովակները լինեն վառ, գունավոր, աղջիկներով, բայց այս տեսահոլովակը ռետրո ոճի մեջ է։ 

 

–Այս օրերին նաև համերգային շրջագայության եք մեկնում։ Որտե՞ղ եք մենահամերգներ տալիս։

–Իրաքում, Լիբանանում, Բեյրութում, ՔուԷյթում, Դուբայում, Քաթարում, Օդեսայում։ Մենահամերգի հրավերներ նաև Թուրքիայից եմ ստացել, բայց որոշել եմ չգնալ։ Սկզբում մտածում էի գնալու մասին, քանի որ առաջին անգամ թուրքերը հայերեն լեզվով երգ են երգում, ուզում էի ինքս տեսնել, թե ինչ են անում «Մի գնա» երգի ներքո։ Ես համարում եմ, որ այս երգն էլ իմ զենքն է, որով գրավել եմ ողջ Թուրքիան։ Բայց հայերը սխալ կընդունեն ու կասեն, որ թուրքամոլ եմ և այլն։ Չնայած կարծում եմ, որ ճիշտ կլինի գնալ, բայց, ցավոք, չեմ կարող։ 20 համերգ են առաջարկել, իսկ գումարները խենթանալու թվեր են։ Հետաքրքիրն այն է, որ մեր արտիստներից շատերը Թուրքիայում համերգներ են տվել, բայց նրանց մասին ոչ մի բան չեն խոսում։ Գիտեմ, եթե ես գնամ, մեծ սկանդալ կբարձրանա, դրա համար հրաժարվել եմ և Թուրքիային հարևան քաղաքներում եմ շրջագայում, որ իմ երկրպագուները կարողանան գալ, լսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել