“ՄԵԾ ՄԱՐԴ ԵՍ/ԵՄ” – արտահայտություն, որ հաճախ օգտագործում են ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենք իրենց հասցեին, կամ առավել երիտասարդ սերնդի հասցեին` փորձելով այս կամ այն քայլից կամ գործունեությունից ետ պահել, արհեստականորեն ծերացնելով իրենք իրենց և դիմացինին, կաղապարելով և դժվարացնելով կյանքը:
“ՎԱ՜Յ, ԱՄՈԹ Ա, ԲԱ ՄԱՐԴԻԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՆ” – ամենատարածված արտահայտություններից` սեփական ` երբեմն նվիրական ցանկությունները հանուն թվացյալ բամբասկոտների “բարօրության” խեղդելու դասական դրսևորում:
“ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՆՑ Ա ՊԵՏՔ” – ո՞ւմ է պետք, ինչի՞ է պետք, Բրիտանացի գիտնականները դեռևս չեն պարզել:
“ՄԵԿ Ա ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, ԻԶՈՒՐ ՄԻ՛ ՏԱՆՋՎԻՐ” - սա թերևս ամենադիլեմատիկ արտահայտություններից է, որ մի կողմից մատնանշում է ասողի անճարությունն ու հարմարվողականությունը, մյուս կողմից էլ բոլորիս է պարզ, որ եթե չտանջվես, իհարկե ոչնչի էլ չես հասնի: 
“ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ” – իրականում ամեն տեղ էլ երկիրը նույնն է` նույն հողը իր քիմիական բաղադրությամբ, նույն թթվածինը, բույսերը, ջուրը, իրականում տարբեր են այդ երկրներում ապրող մարդիկ ու նրանց մտածելակերպը…
“ ԴՈՒ ՄԵՆԱԿ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ” – Թումանյանը մենակ է գրել “Անուշը”, Խաչատրյանին էլ ոչ ոք չի օգնել, Շավարշ Կարապետյանը մենակ էր, երբ 20 հոգու փրկում էր… օրինակները շատ են, հավատալ է պետք: Էլ չեմ ասում, որ Մուրացանն արդեն ապացուցել է, որ “մի ծաղկով էլ է” գարուն գալիս:
“ԷԿԵԼ ԵՍ ՍՏԵՂ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ” – այս մեկ արտահայտության մեջ կարելի է հասկանալ վերևում թվարկված բոլոր արտահայտությունները, սա կարծես հավաքական արտահայտություն է, որ նույնպես դժվարացնում է մեր կյանքը…

ՀԳ. Ի սեր Աստծո չքաղաքականացնե՛ք, չնայած… ինչո՞ւ ոչ: Վստահ եմ, դուք էլ ունեք ձեր տարբերակները, ուրախ կլինեմ, որ կիսվե՛ք մեկնաբանությունների տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել