Tert.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին ներկայացրել է գյուղոլորտի զարգացման ծրագրերը՝ տարբեր ուղղություններով: Tert.am-ը վարչապետի ներկայացրած 13 կետերի շուրջ զրուցել է «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:  Նա կարծում է, որ վարչապետի ասած բոլոր կետերն էլ լավ ծրագրեր են, սակայն իր համար դեռևս պարզ չէ դրանց իրագործման ճանապարհը: Բերբերյանը կարևորեց հակակարկտային միջոցների դեմ պայքարն, ավելին՝ շեշտեց, որ, վերջապես, սայլ տեղից շարժվեց:

- Պարո՛ն Բերբերյան, վարչապետն օրերս հայտարարեց, որ կառավարության գլխավոր նպատակը գյուղատնտեսության մեջ արդյունավետության բարձրացումն է: Նա հիմնականում կարևորեց հողային և կլիմայական պայմաններից ելնելով՝ ծախսերի մինիմալիզացիան, աղետների դեմ պայքարի ավելի արդյունավետ համակարգի ստեղծումը և այլն: Աղետների դեմ պայքարն ինչպես եք պատկերացնում, արդյո՞ք գյուղացին կարկուտի պատճառով խնդիրներ չի ունենա:

- Շատ լավ ցանկություններ են, որոնց մասին մենք արդեն երկար տարիներ խոսում ենք, այդ թվում՝ հակակարկտային ցանցերի և հրթիռարկային համակարգի մասին: Սակայն զարմանալի է, թե հրթիռային համակարգն ինչո՞ւ պետք է պիլոտային ծրագրով լինի, որովհետև 1980-ականներին հրթիռային համակարգերը ՀՀ-ում աշխատել է: Այս համակարգն արկային համակարգին հավասարազոր արդյունավետություն ունի, բայց սա նոր բան չէ: Հրթիռային համակարգն օգտագործելիս մենք պետք է շատ զգուշ լինենք՝ իմանալով ինքնաթիռների թռիչքների ուղղությունները, ժամերը, որովհետև այս արկը կարող է բարձրանալ մինչև 1200 կմ: Զգուշ պետք է լինել, որ հանկարծ սահմանից այն կողմ հրթիռը չընկնի, քանի որ ԽՍՀՄ տարիներին Թուրքիան չէր կարող խոսել, սակայն հիմա դիմացը ՀՀ-ն և կարող է քաղաքական շահարկման առարկա դարձնել: Կարծում եմ՝ այս համակարգը սահմանի 30-40 կմ խորքը պետք է տարվի, և պետք է լինեն հմուտ նշանառուներ: Սակայն այստեղ հարց է, թե ի՞նչ պետք է արվի Արարատյան դաշտավայրի 30 կմ խորությունը, բնականաբար, պետք է գնալ ծախսային համակարգին: Այնպես որ բարի ցանկությունները շատ լավ բան են, բայց թե ինչպես կանեն ներկայացված չէ: Սակայն հստակ է, որ պետք է հրաժարվել այդ հին մեթոդներից, որոնք շատ ծախսատար, բայց ոչ արդյունավետ են:

- Խոսվել է նաև այն մասին, որ գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների մաքսիմալ կիրառումը պետք լինի, կիրառական խորհրդատվական համակարգի ձևավորում է նախատեսվում: Իրատեսակա՞ն են:

- Շատ դիպուկ ու խելոք բան է ասել վարչապետը, հրաշալի ծրագիր է, բայց հարց է՝ ո՞վ է լինելու խորհուրդ տվողը: Վարչապետը նիստի ժամանակ հայտարարեց, որ հակակարկտային պիլոտային ծրագիրը փորձարկեք սեպտեմբեր ամսին: Այնտեղ 60 հոգի ակտիվ անդամներ էին նստած՝ գիտնականներ, փորձագետներ, գյուղատնտեսության նախարարության փայլուն գլուխները, ալեխառն մազերից սկսած, ֆենած մազերից վերջացրած, բայց որևէ մեկը չասաց, թե սեպտեմբեր ամսին ՀՀ-ում կարկուտ չի լինում, ինչի՞ վրա փորձարկենք: Մենք կարող ենք ստուգել մարտին, քանի որ այդ ժամանակ են սկսվում կարկտաբեր ամպեր ի հայտ գալ: Վարչապետը պարտավոր չէ իմանալ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիս կարկուտ չի լինում, բայց էդ 60 հոգուց մեկը չարձագանքեց: Եթե խորհրդատվական համակարգն այս մասնագետներով պետք է լինի, իհարկե, մեր ապագան զավեշտալի է, եթե այլ, ապա լավ գաղափար է և առաջ կգնանք:

- Գաղափար կա կրճատել ապրանքերի ներկրումը՝ զարկ տալով տեղական արտադրությանը: Ի՞նչ  պոտենցիալ ունենք, կարո՞ղ ենք արտադրել այն ապրանքները, որոնք ներկրում են:

- Առաջնային պետք է հասկանալ՝ ի՞նչ կարող ենք արտադրել, քանի որ միայն օդում խոսելով չէ:  Օրինակ՝ մենք կարող ենք արտադրել լոլիկի սերմ, բայց այն բերքատվությամբ լոլիկի սերմ, որն այսօր ներկրվում է ՀՀ՝ մինչև 1500 տոննա բերք տվող, չենք կարող: Սրանով մենք կարող են վնասել հայ գյուղացուն: Պետք չէ հնարել հեծանիվ, բայց շուկայում 1-2 ամիս առաջ զավեշտալի վիճակ էր, այսինքն՝ գյուղացին վարունգը թափում էր, բայց ոչ մի պետական այր չմտածեց դրա մասին:  Բայց չէ՞ որ մենք ունենք գործող բանակ, կարող էր պետությունը վերցնել, օրինակ՝ թթու դնել, հետո 20-30 դրամով տար բանակին: Չգիտեմ, թե ինչպես են մտածում, հո, միայն աթոռ զբաղեցնելով չէ:

- Մտադիր են գյուղացիների վարկ տալ ավելի ցածր տոկոսադրույքով: Սա ի՞նչ  կտա, հաշվի առնելով այն, որ այսօր գյուղացին չի կարողանում մարել իր ունեցած գյուղատնտեսական վարկը:

- Գիտեք՝ ես միշտ դեմ եմ եղել, որ բյուջեի գումարներն ուղղվել են բանկ և բանկերը դրանով հարստացել են: Համաշխարհային բանկն այսօր պատրաստ է 0.75  տոկոսով անսահմանափակ վարկ տալ, այդ դեպքում ինչո՞ւ մեր հարկատուի գումարները հայտնվեն բանկում, և վարկ տրվի դրանով: Լավ քայլ է անում կառավարությունը, մեղմացնում է գյուղացու վիճակը, բայց լուծումը պետք է ճիշտ ընտրել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել