ՀՀ-ում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր: 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հանրակրթության մասին» օրենսդրական պահանջը: Մինչ այս պարտադիր էր 9-ամյա կրթությունը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 12-ամյա կրթության պարտադիր լինելն աշխարհում կայուն զարգացման նպատակներից է:

Նրա խոսքով` հանրակրթության մասին օրենքով սեպտեմբեր ամսից սա կդառնա պարտադիր, ինչպես նաև սահմանադրական պահանջ է:

Անդրադառնալով 12-ամյա կրթության ռիսկերին` Աշոտ Արշակյանը նկատեց, որ խնդիր ունեն յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացման հետ: «Նախկինում շատ երեխաներ, ավարտելով 9-րդ դասարանը, չէին գնում ավագ դպրոց կամ որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն: Հիմա` սեպտեմբերից 1-ից պետք է պարտադիր հաճախեն կա՛մ ավագ դպրոց, կա՛մ արհեստագործական, կա՛մ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ»,- ասաց նա:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշեց, որ դպրոցն ավարտելուց հետո խնդիր կա այդ երեխայի բազան ունենալու, ճշգրտելու և կրթությունը կազմակերպելու հետ կապված:

«Օրենքի պահանջ է, որ մինչև 2025թ. անցնելու ենք համընդհանուր ներառական կրթության կազմակերպման, և կարիք կա կրթության առանձնահատուկ պայմանների կրթության իրավունքի իրացման հետ: Որոշ դեպքերում ծնողների չգիտակցելու կամ խնդրին լուրջ չվերաբերվելու դեպքում շատ երեխաներ կարող են դուրս մնալ կրթությունից»,- ասաց Արշակյանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանի հավաստմամբ՝ 9-ամյա կրթությունից հետո չշարունակողների թիվը շատ փոքր է, չնչին է և կազմում է 0,001 %:

«2016-ի թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ 9-ից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: Իսկ այն հայտարարությունները, թե 10%-ը չի շարունակում, խոսքը վերաբերում է ավագ դպրոցներին, այսինքն՝ ավագ դպրոց չեն գնում, բայց գնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2%-ի հարցը, որ կրթությունը շարունակեն»,- ասաց նա և հստակեցրեց՝ օրենքը չի պարտադրում ավագ դպրոց գնալ, այլ կարող են գնալ նաև մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել