Tert.am-ը գրում է.

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծված  իրավիճակով և դրանից բխող մտահոգություններով է պայմանավորված, որ ամեն մի փոքր դեպքից ուրախանում ենք կամ դժբախտություն ապրում: Նա Tert.am-ի հետ զրույցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմինի հայտարարություններից հետո: 

«Իմ կարծիքով՝ նման արտահայտությունները դիվանագետների կողմից կենացների մակարդակից չի բարձրանում: Նման արտահայտությունների մասին խոսելիս կարելի է ենթադրել, որ սա այս գործչի վերաբերմունքն է տվյալ երկրի նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները գնահատել էր «լավ» բառով, իսկ Հայաստանի մասին խոսելիս` օգտագործել է «բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունները: Նա նաև խոսել էր տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ասելով «Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»:

Իրանահայ պատգամավորը նաև նշեց, որ պետք չէ ենթադրություններ անել Իրանի արտաքին գերատեսչության խոսնակի արտահայտություններից և համարել, որ դրանք ապացուցում են, որ Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքն ավելի լավ է, քան Ադրբեջանի: «Ընդհանրապես քաղաքական դաշտում առաջնորդվում են շահերով: Այդ հիմնական շահերը այս երկրների միջև գոյություն ունեն, և որևէ բան այս ընթացքում չի փոխվել»,- ասաց նա: 

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ շատ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ արդյո՞ք Իրանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանին: «Ավելի կարևոր հարցեր կան: Ավելի կարևոր գործեր կան, որ պետք է անենք»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել