Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) այն վայրն է, որտեղ գործարար և առևտրային օրենքները տարբեր են երկրի մնացած մասերից: ԱՏԳ-ները գտնվում են երկրի ազգային սահմաններում և դրանց նպատակներն են` առևտրի ավելացում, ներդրումների ավելացում, աշխատատեղերի ստեղծում և արդյունավետ կառավարում:

Գոտում գործարարներին խրախուսելու համար ներդրվում է ֆինանսական քաղաքականություն: Այս քաղաքականությունը սովորաբար վերաբերում է ներդրումներին, հարկերին, առևտրին, քվոտաներին, մաքսային և աշխատանքային կանոնակարգերին: ԱՏԳ-ում բիզնես վարելը սովորաբար նշանակում է, որ ընկերությունը ստանում է հարկային խթաններ և ավելի ցածր սակագներ վճարելու հնարավորություն։

Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը հյուրընկալող երկրի կողմից կարող է հիմնավորվել արտասահմանյան ուղղակի ներդրումների ներգրավման ցանկությամբ։ Ազատ տնտեսական գոտում գտնվելու շնորհիվ կարելի է արտադրել և առևտուր անել ավելի ցածր գնով՝ նպատակ ունենալով պահպանել մրցունակությունը գլոբալ համատեքստում: Վերջին տարիներին ԱՏԳ-ները մեղադրվում են միջազգային արվեստի հանցագործություններ կատարելու մեջ` թույլ տալով, որ գողացված արվեստի գործերը տասնամյակներ շարունակ մնան պահեստավորված։

Ազատ գոտիները օգտագործվել են դարեր շարունակ ապրանքների անվճար պահպանման և փոխանակման համար:

Ճիշտ է, համաշխարհային տնտեսության մեջ ԱՏԳ-ները համարվում են նոր երևույթ, սակայն նմանատիպ տարածքների ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս 15-16 դդ. և իր արտահայտությունն է ստացել «Ազատ նավահանգիստների» տեսքով: ԱՏԳ-ների պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակվանից, երբ իսպանացի Վասկո Նունես դե Բալբոան խարիսխ գցեց Պանամական ծովափին և իր ընկերների հետ միասին երկու օվկիանոսները բաժանող այդ հատվածում հիմնեց «Առևտրային նավահանգիստներ»:

ԱՏԳ-ներն իրենց զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել և աստիճանաբար կատարելագործվել են: ԱՏԳ-ների զարգացմանը զուգընթաց դրանց տրամադրվող արտոնություններն աստիճանաբար ավելացել են՝ փոխելով նաև գոտիների տնտեսական բովանդակությունը: Եթե ԱՏԳ-ների ստեղծման սկզբնական շրջանում վերջիններս միայն ապրանքների պահպանման և առևտրային գործունեության վայր էին հանդիսանում, ապա զարգացման ընթացքում գործունեության շրջանակներն ընդլայնվել են՝ ընդգրկելով վերարտադրության բոլոր փուլերը:

Ինչ վերաբերում է «Առևտրային նավահանգիստներին», ապա վերջիններս որևէ նավահանգստի տարածք էին, որոնք նախատեսված էին ապրանքների՝ առանց մաքսերի պահպանման համար և նպաստում էին ներքին շուկայի զարգացմանը, հետագայում նաև արտաքին շուկա դուրս գալուն: Առաջին «Ազատ նավահանգիստն» առաջացավ Ճենովայում՝ 1595թ.: Այնուհետև նման նավահանգիստներ ստեղծվեցին նաև Վենետիկում՝ 1661թ., Մարսելում՝ 1669թ., Օդեսսայում՝ 1817թ.: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ազատ նավահանգստային գոտիների ստեղծման միտքը լայն տարածում գտավ և այժմ աշխարհում գործում են ավելի քան 200 նավահանգստային գոտիներ: Վերջիններս նախատեսված են միջանցիկ փոխադրումների և բեռների պահեստավորման համար:

ԱՏԳ-ներ սկսեցին ստեղծվել ծովային նավահանգիստների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների որոշ տարածքներում, իսկ հետագայում նաև դրանց հարող տարածքներում:

Աշխարհին հայտնի առաջին ԱՏԳ-ներից մեկն Իտալիայի Լիվորնո քաղաքն էր, որը 1547թ. հայտարարվեց ազատ առևտրի քաղաք: Այստեղ վաշխառուներն իրավունք ստացան ազատ առևտուր իրականացնել՝ ազատվելով հարկային պատասխանատվությունից: Հետագայում այս օրինակին սկսեցին հետևել այլ երկրներ ևս: Օր.՝ իտալական Տրիեստ քաղաքում և Հարավսլավական Շիբենիկում ստեղծվեցին ազատ առևտրային գոտիներ, իսկ 1740 թ. ստեղծվեց Ջիբրալթարի ազատ առևտրային գոտին:

Հետագայում տարբեր երկրներում նույնպես ստեղծվեցին նմանատիպ գոտիներ. 1819թ. Սինգապուրում ստեղծվեց ազատ առևտրային գոտի: Այդ գոտիներում ընդհանուրն այն էր, որ առանց մաքսավճարի առևտուր անելու արտոնյալ պայմաններ էին ստեղծվում վերջիններիս միջև, սակայն արդյունաբերական գործունեություն իրականացնելու պարագայում այդ արտոնությունները չէին գործում:

Ինչ վերաբերում է ժամանակակից ԱՏԳ-ներին, ապա դրանք ստեղծվել են 1950-ականների վերջերին արդյունաբերական երկրներում: Առաջինը ստեղծվել է Իռլանդիայի Կլեր քաղաքում գտնվող Shannon օդանավակայանում 1959 թ., որի շնորհիվ Իռլանդիան մեծ ուշադրության արժանացավ: 1970-ականներից սկսած ԱՏԳ-ներ են ստեղծվել Լատինական Ամերիկայում և Արևելյան Ասիայում: 1979 թ. Դեն Սիաոպինգի կողմից Չինաստանում առաջինը ստեղծվեց «Շենժեն» ազատ տնտեսական գոտին, որը խրախուսում էր օտարերկրյա ներդրումները և, միաժամանակ, արագացված արդյունաբերականացումը տարածաշրջանում: Այս գոտիները գրավեցին բազմաթիվ կորպորացիաների և, չնայած ԱՏԳ-ները տարածված են ամբողջ աշխարհով, միևնույն է, Չինաստանն առաջատարն է, չէ՞ որ միայն Հեյնա կղզին ամբողջությամբ հայտարարված է ազատ տնտեսական գոտի: Իսկ Չինաստանի հետ համագործակցության միջոցով ԱՏԳ-ներ ստեղծվեցին նաև աֆրիկյան երկրներում:

ԱՏԳ-ների զարգացման սկզբնական փուլում ազատ գոտիներում հիմնականում իրականացվում էր առևտրային գործունեություն, որը ներառում էր ապրանքների պահպանումը, փաթեթավորումը, տեսակավորումը և այլն: Սակայն հետագայում սկսեցին վերամշակում իրականացնել, ինչը ավելացնում էր ապրանքի ինքնարժեքը և որն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ազատ գոտիների տնտեսական բովանդակութունը ենթարկվի էական փոփոխությունների: ԱՏԳ-ների հիմնադիրներն այն կարծիքին էին, որ ճգնաժամային իրավիճակներում պետության միջամտությունը չի կասեցնի արդյունաբերական կենտրոնների անկումը: Այդ նպատակով ձեռնարկատերերին տրվեցին հարկային և այլ արտոնություններ, որոշակի գործարքներ իրականացնելու իրավունք, ինչն անթույլատրելի էր տեղական օրենսդրությամբ:

Հարկ է նշել, որ ԱՏԳ-ների զարգացման սկզբնական շրջանն էապես տարբերվում է ներկայիս վիճակից: Եթե սկզբնական շրջանում ազատ գոտիները տարածում էին ստացել հիմնականում զարգացած երկրներում, ապա ներկայումս ԱՏԳ-ներ գոյություն ունեն զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում, և մեծ տարբերություն է նկատվում հատկապես զարգացող երկրներում: Այսպես՝ եթե 1960 թ. զարգացող երկրների խմբում գործում էին ընդամենը 2 ԱՏԳ, 1975թ.՝ 79, 1981թ.՝ 96, 1985թ.՝ 264, ապա 1990-ականների վերջին այս երկրներում արդեն գոյություն ունեին 900-ից ավելի ԱՏԳ-ներ:

ԱՏԳ-ների զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում համաշխարհային տնտեսության զարգացման միտումները՝ գիտատեխնիկական առաջընթացը, միջազգային ֆիրմաների մրցակցությունը, արժութային փոխարժեքների կուրսերը, և վերջիններս համապատասխան մոտեցում են պահանջում այդ փոփոխությունների նկատմամբ:

Ըստ ուսումնասիրությունների՝ համաշխարհային տնտեսությունում կուտակվել է ԱՏԳ-ների ստեղծման և գործունեության բավականին մեծ դրական փորձ: Օր.՝ 2000 թ. սկզբին աշխարհում գործում էին մոտ 1350-1450 տարբեր տեսակի ԱՏԳ-ներ, որից միայն արտադրության արտահանման ուղղվածություն ունեցող գոտիներում զբաղվածների թիվը կազմում էր մոտ 4 մլն մարդ: 2001 թ. տարբեր տեսակի ԱՏԳ-ների միջոցով իրականացվում էր համաշխարհային ապրանքաշրջանառության 30%-ը: ԱՏԳ-ները, ընդհանուր առմամբ, որպես բարենպաստ տարածքներ են դիտվում միջազգային կորպորացիաների կողմից, որոնք արտոնյալ պայմաններ են փնտրում իրենց գործունեության այնպիսի ընդլայնման համար, որտեղից կարելի է ստանալ մեծ շահույթներ: Իսկ ահա հզոր վերազգային կորպորացիաները ԱՏԳ-ներում արտադրության կազմակերպումը համարում են իրենց էքսպանսիայի (կապիտալիստական տերության կամ մենաշնորհային խմբավորման ազդեցության ոլորտի ընդարձակում՝ տնտեսական-քաղաքական կամ այլ միջոցներով, նոր տարածությունների տիրանալու քաղաքականություն) կարևորագույն ուղղություններից մեկը:

«Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին» միջազգային կոնվենցիայի (Կիոտո, մայիսի 18, 1973 թ.) ստորագրումից հետո ԱՏԳ-ները լայն տարածում ստացան տարբեր երկրներում, և ներկայումս համաշխարհային տնտեսությունում գործում են ավելի քան 30 տեսակի ԱՏԳ-ներ: Ըստ Կիոտոյի կոնվենցիայի՝ ԱՏԳ-ները որևէ երկրի տարածքի մի մասն են, որտեղ գտնվող ապրանքները համարվում են մաքսային տարածքից դուրս, այդ իսկ պատճառով չեն ենթարկվում սովորական մաքսային հսկողության և հարկման:

Չնայած ԱՏԳ-ներն ազգային տնտեսական տարածքի մի մասն են կազմում, որտեղ օգտագործվում է արտոնությունների և խթանների հատուկ համակարգ, որը չի կիրառվում երկրի այլ մասերում, սակայն այս գոտիներից շատերում կիրառվող տնտեսական կանոնները, խթանները, հատուկ վարչական օրենքները երբեք էլ չեն ազատում նրանց որոշակի իրավական-տնտեսական ռեժիմից, այլ պարզապես թեթևացնում են դրանք և տրամադրում արտոնություններ, որոնք խթանում են ձեռներեցությունը: Այս գոտիներում պետությունը կրճատում է տնտեսական գործընթացներում իր միջամտության աստիճանը: Եվ հենց այս բացատրությունն էլ ստիպում է տարբերել իրական ԱՏԳ-ները գիտական հրատարակություններում և միջազգային հաշվետվություններում տարբեր տեսակի գոտիները բնութագրելու համար օգտագործած «ազատ տնտեսական գոտի» հասկացությունից:

Կախված ԱՏԳ-ների տեսակներից՝ գոյություն ունեն յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններ, սակայն, միևնույն ժամանակ, կան շատ բնութագրիչներ, որոնք բնորոշ են ԱՏԳ-ների բոլոր տեսակներին, որոնք բացահայտվում են ԱՏԳ-ները տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելիս:

Եթե ԱՏԳ-ների ուսումնասիրումը դիտարկենք արտադրական ռեսուրսների բաշխման տեսանկյունից, ապա հարկ է նշել, որ պետությունը որևէ ազատ գոտում արտադրություն զարգացնելու նպատակով օգտագործում է այդ տարածքում գտնվող արտադրական գործոնները, իսկ եթե վերջիններս չեն բավարարում, ապա դրանք ներգրավում է իր երկրի այլ տարածքներից (օր.՝ աշխատուժը) կամ այլ երկրներից (կապիտալ, տեխնոլոգիա և այլն):

ԱՏԳ-ներին բնորոշ գիծ է նաև դրանց ընդլայնվելու հնարավորությունները տարբեր տնտեսական ոլորտների և տարածքների վրա: Քանի որ ԱՏԳ-ները հատուկ առանձնացված վայրեր են և կազմում են ազգային տնտեսության անբաժանելի մասը, ուստի նրանց զարգացումն անպայման իր ազդեցությունն է թողնում ամբողջ ազգային տնտեսության վրա:

Մյուս կարևոր բնորոշիչը ԱՏԳ-ների ստեղծման նպատակայնությունն է: Քանի որ ԱՏԳ-ները երկրի տնտեսական համալիրի մի մասն են կազմում և ունեն բազում արտոնություններ, հետևաբար պարզ է դառնում, որ դրանք հեռանկարային բնույթ են կրում և ուղղված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար որոշակի նպատակների և խնդիրների լուծմանը: Առավել հաճախ որպես այդպիսի նպատակ է համարվում երկրի տնտեսության ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը: Այս դեպքում հաշվի չեն առնվում ԱՏԳ-ների առջև պետության կողմից դրված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտահանման մեծացումը, կապիտալի ներհոսքի ավելացումը, բարձր տեխնոլոգիաների ներմուծումը, կադրերի պատրաստումը և այլն։

Կախված երկրների զարգացվածության աստիճանից՝ ԱՏԳ-ների նպատակներն էապես տարբերվում են միմյանցից: Օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի նման զարգացած երկրներում ԱՏԳ-ները ստեղծվում են արտաքին տնտեսական կապերի ակտիվացման, ճգնաժամային իրավիճակներում ՓՄՁ-ների աշխուժացմանն ուղղված տարածքային քաղաքականության իրականացման, տարածաշրջանների միջև տարբերությունների համահարթեցման համար: Եվ հենց այդ նպատակներով էլ գործարարներին տրամադրվում են գործունեության ազատություն և ավելի մեծ չափով ֆինանսական արտոնություններ, քան երկրի մյուս հատվածներում:

Իսկ ահա զարգացող երկրներում ԱՏԳ-ներ ստեղծելիս հիմնական ուշադրությունը դարձվում է օտարերկրյա կապիտալի, տեխնոլոգիաների ներգրավման, արտադրության նորացման, կադրերի որակավորման բարձրացման վրա:

Բացի նշված նպատակներից ԱՏԳ-ների ստեղծումը պայմանավորված է 3 հիմնական նպատակներով: Դրանք են՝

1. արդյունաբերական արտահանման խթանում և դրա հաշվին արժութային միջոցների ստացում,

2. զբաղվածության աճ,

3. գոտիների վերածումը տնտեսվարման նոր մեթոդների կիրառման համար անհրաժեշտ փորձադաշտի, ազգային տնտեսության աճի կենտրոնի:

ԱՏԳ-ները դիտարկվում են որպես տնտեսության բացությունը ներկայացնող կարևորագույն ցուցանիշ, քանի որ դրանց գործունեությունը կապվում է արտաքին տնտեսական գործունեության ազատականացման և ակտիվացման հետ, քանի որ որքան բարձր է երկրի բացության մակարդակը, այնքան երկիրը մեծ հնարավորություն ունի հաստատել արտաքին կապեր:

ԱՏԳ-ների ստեղծման նպատակը հետևյալն է. երկիրը, չցանկանալով ամբողջությամբ բացել իր տնտեսությունն արտասահմանյան կապիտալի հոսքի առջև, մասամբ է օգտագործում այդ հնարավորությունը՝ ԱՏԳ-ներ ստեղծելով:

Եթե ուշադրություն դարձնենք ԱՏԳ-ների նպատակներին, ապա սրանք բավականին խելամիտ են: Օրինակ՝

  • օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում,
  • արտահանման մակարդակի բարձրացում (մասնավորապես՝ ոչ ավանդական արտահանման),
  • աշխատատեղերի ստեղծում և կենսամակարդակի բարձրացում,
  • նոր հմտությունների փոխանցում և դրանց փորձարկում ներքին մարդկային ռեսուրսների վրա,
  • տնտեսության խթանում,
  • «փորձնական ոլորտներում» բարեփոխումների իրականացում:

ԱՏԳ-ները որոշ չափով ուսումնասիրելիս հարց է առաջանում. իսկ ի՞նչ բացասական հետևանքներ են թողնում դրանք տնտեսության վրա։ Թվում է, թե կատարյալ միջոց է տնտեսությունն առաջ տանելու համար, սակայն ինչպես ցանկացած բան, ԱՏԳ-ները նույնպես ունեն բացասական հետևանքներ՝

  • ԱՏԳ-ի ստեղծման համար հող է պահանջվում, որի ձեռքբերումը հանգեցնում է գույքի և կենսապահովման ոչ բավարար փոխհատուցման։
  • ԱՏԳ-ն պատասխանատվություն չի կրում ազգային աշխատանքային օրենսդրության առաջ։ Ազգային կարգավորող մարմինները չեն կարող կարգավորել աշխատանքային պայմանները: Աշխատողներին չի վճարվում նվազագույն աշխատավարձ: ԱՏԳ-ում աշխատանքային տևողությունը երկար է: Աշխատողները կարող են աշխատանքից ազատվել առանց արդարացման կամ փոխհատուցման:
  • ԱՏԳ-ները չեն վճարում հարկեր: Նրանք չեն նպաստում ենթակառուցվածքների հետագա աշխատանքին:
  • Քանի որ ԱՏԳ-ները սեփականաշնորհված «քաղաքներ» են, կա գաղտնիություն և վերջինիս հետ կապված թափանցիկության պակաս։
  • ԱՏԳ-ները թույլ են տվել, որ կորպորացիաները զավթեն մեծ տարածքներ։ Դա հանգեցնում է տեղական տնտեսությունների մահվան։ ԱՏԳ-ներն առաջացնում են եկամտի անհավասարություն։ Դրանք ստեղծում են ոչ թե կայունություն, այլ հարստության համակենտրոնացում։ Դրանք խաթարում են տեղական տնտեսությունները՝ առաջինը վնասելով այն մարդկանց, ովքեր անկառավարելի են աղքատության նկատմամբ։
  • Նրանք պարտավորություն չունեն պահպանել շրջակա միջավայրի ազգային կանոնակարգերը։

ԱՏԳ-ի երկրպագուները կարող են մատնանշել մի քանի հաջողված պատմություններ, որոնցից ոչ մեկը մեծ չէ, և դրանք որևէ արժեք չեն ներկայացնում: Ներդրողների ներգրավման առաջարկվող խթանները ենթադրում են հարկային եկամուտներ (առնվազն կարճ ժամանակահատվածում): Գոտիներն ավելի շատ փողերի լվացման համար ապաստարան են ծառայում, օրինակ, արտահանման խեղաթյուրման միջոցով: Կառավարությունները պետք է սովորեն թերություններից, որ այդ ծախսերը փոխհատուցվեն աշխատատեղերի և ներդրումների հաշվին։

Բյուջետային խթանները կարող են օգնել ստեղծել գոտի, բայց դա երկարատև ծրագիր չէ: Առավել հաջողված գոտիները ներխուժում են հայրենական տնտեսություն: Օրինակ՝ Հվ. Կորեային հաջողվել է կապ հաստատել տեղական մատակարարների հետ։ Գոտիները պետք է միանան համաշխարհային շուկաներին: Այս նպատակով ենթակառուցվածքի բարելավումն ավելի մեծ ազդեցություն ունի գոտիների հաջողությունների վրա, քան հարկային ընդմիջումները: Սա հաճախ պահանջում է հանրային ծախսեր՝ ճանապարհները, երկաթուղին և նավահանգիստները բարելավելու համար լրացուցիչ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով: Նման ներդրումների բացակայությունը Աֆրիկայում շատ ԱՏԳ-ների անկման պատճառ է հանդիսացել։

Ճիշտ հավասարակշռությունը պետք է բխի պատշաճ քաղաքական վերահսկողության և իշխանության բյուրոկրատիայի ազատությունից: Կան լեգիտիմ մտավախություններ, որ Ճապոնիայի նոր գոտիներն անկում են ապրելու, քանի որ կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչները մերժում են միջամտել ԱՏԳ-ների գործերին։ Անհատական ստեղծարարների ներգրավումը կարող է օգնել գոտիները գործարկելիս, որը լավ ազդեցություն է ունեցել Ֆիլիպիններում: Այնուամենայնիվ, զարգացած քաղաքների շուրջ կառուցված գոտիները հայտնի են իրենց օրենքները սահմանելու իշխանությամբ, և շատ մասնագետների կարծիքով չի բացառվում, որ կստեղծեն պետություններ պետությունների ներսում։

Եթե ԱՏԳ-ներ կառուցվեն տնտեսությունից զուրկ հատվածներում, ապա այդ դեպքում վերջիններս դրական ազդեցություն կարող են ունենալ։ Շատ մասնագետների կարծիքով այն երկրները, որոնք ընդհանրապես գոտիներ չունեն, իսկապես ազատ են:

Այնուամենայնիվ, ռիսկն առկա է, որ երկրներն այս համակարգը կչարաշահեն և կօգտագործեն այն որպես արգելքները պահպանելու արդարացում` հարկերի և վճարների տեսքով: ԱՏԳ-ները նույնպես ստեղծում են չափից ավելի բյուրոկրատիա, որով գումարները հեռացնում են համակարգից:

Լրիվ ազատությունը կստեղծի քաոս, ուստի՝ տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է պետության փոքրիկ միջամտություն։

Լիլիթ Մարալյան

Աղբյուրները՝ այստեղ, այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել