Yerkir.am-ը գրում է.

Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը, որին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից  (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ: 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարվա պարբերականությամբ կազմակերպվող այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը:

Օլիմպիադային մասնակից թիմերի աշակերտների և ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը կարևորել է համահայկական օլիպմիադայի նշանակությունը ինչպես Հայաստան-Սփյուռք համագործակցության խորացման, այնպես էլ հայապահպանության և հայագիտության զարգացման տեսանկյունից: Անդրադառնալով կրթության ոլորտի դերակատարմանն ազգային և պետական խնդիրների լուծման գործընթացում` նախարարը նշել է. «Եթե ժողովուրդները, որպես առանձին քաղաքակրթական արժեք, ձևավորում են իրենց մշակույթը, հոգեկերտվածքը, աշխարհընկալումն ու աշխարհայացքը, ապա այդ ժողովուրդներն այդ ձևավորված արժեհամակարգը պահելու և պահպանելու այլ ձև չունեն, քան ստեղծել իրենց անկախ պետականությունը, որը տեր կկանգնի տվյալ տեսակին: Այս իմաստով մարդկությունը թերևս սկզբից ի վեր, երբ արդեն գիտակից փուլում էր, ձևավորել է հայտնի եռանկյունին, մի գագաթում անհատն է իր իրավունքներով,  պարտականություններով, ազատություններով, մյուսում` այդ անհատների միասնությունը` ընտանիքը, և ի վերջո այդ ընտանիքների միասնությունը, որը կոչվում է ժողովուրդ կամ ազգ: Ահա այս ամբողջի մեջ որպես կարևոր երաշխիք այդ ձևաչափի պահպանման համար սկսում է աշխատել պետական համակարգը: Պետությունն իբրև այդ արժեքների պահապան մեխանիզմ ունի մի քանի գործիք. մասնավորապես, կառավարման համակարգը, որով նա փորձում է ղեկավարել հասարակությանը. պաշտպանական մեխանիզմները` բանակը, և ամենակարևորը, որով պետությունները փորձում են իրենց տեսակի կամ ձևաչափի շարունակականությունն ապահովել՝ մշակույթը և կրթությունը: Մեկ այլ հզոր ուժ կամ զենք էլ ունեն ժողովուրդները, դա նրանց հոգևոր աշխարհընկալումն ապահովող համակարգն է, այսինքն իրենց հավատը: Հավատը, մշակույթը և կրթությունը այն հզոր ուժերն են,  որով շարունակվում է տվյալ տեսակի վերարտադրությունը և զարգացումը:

Յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը: Սերունդներին պատմությունը գնահատում է շատ դաժան չափանիշներով, մասնավորապես, ինչ է ստացել տվյալ սերունդը և ինչ է թողնում հաջորդին: Մեր պատմությունը այնպես է դասավորվել, որ վերջին 700 տարվա ընթացքում յուրաքանչյուր սերունդ ստացել է ավելի շատ, իսկ թողել՝ ավելի քիչ: Անընդհատ կորուստների մեջ ենք եղել և մեր պատմությունն այս իմաստով բավականին դաժան է եղել: Սակայն մենք այն երջանիկ սերունդն ենք, որ այսքան տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունենք ավելի շատ թողնել, քան ստացել ենք: Այսօր մենք ունենք ազատագրված տարածք, անկախ պետականություն և բանակ: Եթե կարողանանք մեր սերնդի առաքելությունը ինչ-որ ձևով հասցնենք իր տրամաբանական վերջակետին, ապա  հաջորդ սերնդին կթողնենք ավելի լավ վիճակ, քան մենք ստացել ենք: Մեր բոլորիս պատմական առաքելությունը երևի այստեղ է: Ունենք անկախ Հայաստան, պետականություն, որը կարևորագույն արժեքն է, ունենք Արցախ, որն ազատագրված է և պատերազմով պաշտպանել է իր անկախ ապրելու իրավունքը` ձևավորելով իր պետականությունը: Ունենք հայահոծ, հայրենիքի մեկ այլ հատված Ջավախք, որտեղ հայությունը պահպանված է և իր հայրենիքում ապրում է: Դրանից բացի ունենք Սփյուռք, այսինք հսկայական առանց սահմանների մի տարածք, որտեղ մեր տեսակը շարունակում է իր գործունեությունը, միշտ հայացքն ուղղելով Հայաստանի, հայրենիքի ուղղությամբ: Ամենակարևորը մեր պետականության ուժեղացումն է, որովհետև այս ամենի պահպանման միակ երաշխիքը Հայաստանի անկախ պետականության ուժեղացումն է»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը: Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև աշակերտների և ղեկավարների հարցերին:

Հիշեցնենք, որ Հայագիտական համահայկական օլիմպիադայի ծրագրում ընդգրկված են հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Միջոցառման առանձնահատկություններից է այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում նաև այն պատանիներին, ովքեր չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից: Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնել հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող, հայկական շրջանակներ, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել