Թուրքիայի սպառողների իրավունքների միության նախագահ Թուրհան Չաքարը ուշագրավ տվյալներ է հրապարակել երկրում գրացված գնաճի և սպառողների տնտեսական վիճակի վերաբերյալ:

Չաքարը նշել է, որ 2016-2017թթ. ընթացքում առաջին անհրաժեշտության և մասնավորապես՝ նորմալ սնվելու համար անհրաժեշտ սննդամթերքի գները հրապարակված պաշտոնական տվյալներից շատ ավելի են բարձրացել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով İhlas գործակալությանը։

Միության նախագահի խոսքով՝ թեև նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել աշխատավարձերի և կենսաթոշակների 7-10 տոկոս աճ, այնուամենայնիվ, դրան զուգահեռ գրանցված ինֆլյացիայի հետևանքով այդ նույն խավերի գնողունակությունն իրականում նկատելիորեն նվազել է: Ընդհանուր առմամբ, գնաճով և անբավարար ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ մարդիկ այլևս հնարավորություն չունեն գնելու շուրջ 40-50 տեսակի սննդամթերքներ:

Այսպես, 2016թ. հուլիսի դրությամբ Թուրքիայում բնակվող երկու երեխա ունեցող ընտանիքը, որտեղ աշխատում է միայն ամուսիններից մեկը և ստանում է նվազագույն աշխատավարձ (1.362 թուրքական լիրա/ 384.7 դոլար), ամսական սննդի համար միջինում պետք է ծախսեր 1.369 լիրա (386.7 դոլար): 2017թ. հուլիսի դրությամբ նվազագույն աշխատավարձը որոշակիորեն աճել է՝ կազմելով 1.470 լիրա (415 դոլար), սակայն գնաճի հետևանքով նույն չորս հոգանոց ընտանիքն արդեն քիչ թե շատ նորմալ սնվելու համար պետք է ծախսի 1.497 լիրա (422 դոլար):

Փաստորեն, երկու դեպքում էլ ընտանիքը սովի մատնվելու շեմին է գտնվում: Չաքարի խոսքով՝ Թուրքիայի բնակչության շուրջ 20 տոկոսը (ավելի քան 16 մլն մարդ) վաստակում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նորմալ սնվելու համար: Իսկ բնակչության շուրջ 60 տոկոսը (ավելի քան 48 մլն մարդ) գտնվում է աղքատության շեմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել