Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է կրթության ոլորտի և աշխատաշուկայում առկա խնդիրներին։ Պատգամավորն ասում է, որ այսօր բազմաթիվ մասնագիտություններ շուկայում չունեն իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին։ Նա նաև նշում է, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում։ 

- Այս տարի երկրի բուհերում թափուր մնացած տեղերի աննախադեպ մեծ թիվը Հայաստանում բարձրագույն կրթության ճգնաժամի մասին մի շարք քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, նման ճգնաժամի հիմնական պատճառները:

- Իմ կարծիքով՝ պատճառները բազմաթիվ են, և կան բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ: Սակայն, անկախ նրանից, թե ինչ անկյունից ենք դիտարկում այն, խնդիրն ակնհայտ է և անհապաղ իմաստավորում և կոնկրետ գործողություններ է պահանջում: Հնարավոր է՝ մենք գործ ունենք հենց բարձրագույն կրթության գաղափարի վերափոխման երկարատև գործընթացի հետևանքի հետ, որտեղ ձևը ժամանակի ընթացքում փոխարինել է բովանդակությանը: Ժամանակին անհատի զարգացման չափազանց ցանկալի մակարդակ համարվող բարձրագույն կրթությունն ինչ-որ պահի կորցրել է իր հիմնական իմաստը և փոխակերպվել դիպլոմ ունենալու, ինչը հասարակության մեջ որոշակի կարգավիճակ ունենալու արտոնություն է տալիս: Նման ընկալումը մենք իներցիայով ժառանգել ենք դեռ խորհրդային ժամանակներից, որտեղ աշխատող արդյունաբերության, բազմաթիվ արտադրական, գիտական, ինժեներա-տեխնիկական և այլ ձեռնարկությունների առկայության դեպքում դիպլոմ ունեցողն ավելի մեծ հնարավորություններ ուներ ղեկավար պաշտոններ ստանալու և հետագա կարիերայի աճի համար: Պլանային տնտեսության և ուռճացված բյուրոկրատական ապարատի պայմաններում առանձին վերցրած քաղաքացու կրթության որակի թերացումն այդչափ առանցքային չէր, քանի որ ընդհանուր առմամբ ոչ միայն բարձրագույն, այլև միջին մասնագիտական և միջնակարգ կրթության որակը բավականին բարձր էր: Որպես հետևանք՝ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալը դառնում էր հեղինակավոր, բայց շատ դեպքերում քիչ հասանելի՝ ուսուցման բարձր պահանջների և չափանիշների պատճառով: Ժամանակի ընթացքում դիպլոմի հասանելիության հարցը դարձավ միայն ֆինանսական, այլ ոչ մտավոր հնարավորությունների հարց: Առևտրայնացումը և պահանջարկը հանգեցրին, ըստ էության, բազմաթիվ անսահմանափակ առաջարկների հայտնվելուն, ինչն արդյունքում դարձավ կրթության որակի անկման պատճառներից մեկը: Բուհերը չէին կարողանում հաղթահարել դասախոսների կադրային խնդիրը (այժմ նույնպես չեն կարողանում), քանի որ պրակտիկներն ու մասնագետներն առանձնապես չեն ձգտում լսարաններ գնալ՝ մեծ մասամբ շարժառիթների բացակայության պատճառով: Գոյություն ունեցող աշխատավարձով պրակտիկայում զբաղված մասնագետին երկրորդ աշխատանքով գրավելը գրեթե անհնար է, իսկ «հեղինակությամբ» կամ «սոցիալական պարտքով» շարժառիթն արդեն չափազանց կասկածելի է և ոչ միշտ է արդյունավետ: Առավել հաճախ ես հանդիպում էի բուհերում դասավանդող պրակտիկ-գործընկերների, որոնք իրենց ձեռնարկություններում կադրերի համալրման անհրաժեշտություն ունեին: Արդյունքում՝ հաճախ բուհերում դասավանդում են ոլորտի իրականությունից հեռու տեսաբաններ, կրթական ծրագրերի իրականացման պահանջները բարձր չեն (հո չես հեռացնի ցածր առաջադիմության համար, չէ՞ որ նրանք վճարում են), և կրթական ծրագրերն էլ վաղուց բարոյապես հնացել են: Ի թիվս այլնի, հանրապետության ներկայիս տնտեսության պայմաններում բազմաթիվ մասնագիտություններ արդեն չունեն աշխատանքի շուկայում նման ծավալով և որակով իրական պահանջարկ, իսկ շրջանավարտները բախվում են չիրականացված ակնկալիքների սինդրոմին: Դիպլոմը կա, իսկ արդի գիտելիքներ և հմտություններ՝ ոչ միշտ, և բազմաթիվ մասնագիտությունների պահանջարկն ավելի ու ավելի է նվազում: Եթե վերը նշվածին հավելենք ժողովրդագրական գործոնը՝ ճգնաժամն անխուսափելի է:
 
- Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ բարձրագույն կրթությունը հիմնականում կորցրել է իր գրավչությունը:

- Մասամբ՝ այո: Բայց այդ ժամանակ ողջամիտ հարց է առաջանում՝ գրավի՞չ է դարձել միջին մասնագիտական կրթությունը: Ձգտո՞ւմ են երիտասարդները վերամբարձ կռունկի մեքենավարի, ֆրեզերային հաստոցի մասնագետի, ատաղձագործի, փականագործի և մի շարք այդքան անհրաժեշտ մասնագիտությունների որակավորում ստանալ: Դուք, օրինակ, փորձե՞լ եք քաղաքում լավ ֆրեզերային հաստոցի մասնագետի գտնել: Ո՞չ: Ես, օրինակ, մի անգամ փորձել եմ: Ինձ հարկավոր էր իմ ավտոմեքենայի համար սեփական գծագրով մի ավտոմաս հատել: Ես մի քանի օր մասնագետ էի որոնում, իսկ այնուհետև երկար համոզում էի նրան սկսել աշխատել իմ գծագրով, քանի որ նա ծանրաբեռնված էր աշխատանքով: Մարդը 60-ն անց տղամարդ էր, և նրա խոսքով՝ երիտասարդությունը չի ձգտում զբաղվել այդ մասնագիտությամբ, իսկ նա արդեն չի հասցնում՝ տարիքի և ծավալների պատճառով: Փորձեք նույն հաջողությամբ գտնել, օրինակ, որակյալ ջրմուղագործի, ատաղձագործի, էլեկտրազոդողի, բուլդոզերավարի: Չեմ կարծում, որ արագ կգտնեք և միշտ գոհ կլինեք որակից: Իսկ պատվաբե՞ր է աշխատել մատուցող կամ վարորդ: Եվ արդյոք մեր հասարակությունում «պրեստիժ» հասկացությունը համապատասխանո՞ւմ է օբյեկտիվ իրականությանը: Կարծում եմ, որ այդ հարցում մեր շրջանում մշակույթի մակարդակը դեռ հեռու է կատարյալից: Շատ հասարակություններում այնքան էլ կարևոր չէ, թե ինչով ես կոնկրետ զբաղվում, եթե կյանքիդ համար վաստակում ես ազնիվ և սոցիալապես օգտակար աշխատանքով: Ինձ շատ հայտնի հասարակություններում ընդունված չէ կոպտել սպասարկող անձնակազմին, իսկ անձնակազմն, իր հերթին, չունի բարդույթներ նրանից, որ գումար է վաստակում և չի պատմում այն մասին, որ նա երեք դիպլոմ ունի, բայց նա ստիպված է այդ աշխատանքն անել: Մենք, որպես հասարակություն, այսօր ինքնատիպ պատկերացում ունենք հաջողակ լինելու մասին, որտեղ առաջին պլան են դուրս եկել ոչ թե սոցիալական օգուտը և աշխատանքի որակը, այլ «հեղինակության» և ցանկացած գնով նյութական շահի հարցերը: «Ապրել լավ», ամեն ինչ միանգամից և արագ. սա է այսօրվա հիմնական դրվածքը: Բայց նման դրվածքով հասարակությունը ժամանակակից աշխարհում գրեթե չունի զարգացման հնարավորություններ և գլորվում է դեպի ինքնիրացված չլինելու բարդույթը և դրված նպատակին հասնելու մեխանիզմների անվերջ ու ոչ միշտ արդյունավետ փնտրտուքները: Բոլոր վերը նշվածները նշանակում են, որ ճգնաժամը ոչ միայն և ոչ այնքան կրթական համակարգում է, որքան ընդհանուր առմամբ հասարակությունում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել