Tert.am-ը գրում է.

Շարունակում է մտահոգիչ մնալ այն հանգամանքը, որ առողջական լուրջ խնդիրներով երիտասարդներին զորակոչում են: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի հայտարարություն է արել իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ վկայակոչելով փաստերի հիման վրա իրենց կազմած եզրակացությունը:
Ըստ իրավապաշտպանի՝ հատկապես վերջին 3-4 տարվա ընթացքում իրենց դիմած զորակոչիկների խնդիրները, նաև նրանց խնդիրների նկատմամբ գործողությունների ուսումնասիրությունը ցույց տալիս, որ կան առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչման դեպքեր:
«Երբ դիտարկում ենք մի 7-8 տարի առաջվա պրակտիկան, ապա այն ժամանակ առողջական լուրջ խնդիրների դեպքում ավելի մեծ էր որոշակի ժամանակով տարկետում ստանալու հավանականությունը կամ մինչև անգամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչումը, հիմա այդ խնդիրների լուծումը դժվարացել է»,-ասել է Արթուր Սաքունցը և ավելացրել, որ սա պայմանավորված է նաև իրավական ակտի բովանդակությամբ, որովհետև պաշտպանության նախարարի հրամանը, որով նախատեսվում է այդ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը ճանաչվում է ոչ պիտանի կամ պիտանի շարային ծառայությունների  համար,  այդ հիվանդությունների ցանկը նույնպես փոխվել է նախորդ հրամանի համեմատությամբ, փոխվել է նաև կարգավիճակները:
«Նախկինում կար շարային զինծառայություն, սահմանափակումներով զինծառայություն և սահմանափակումներով շարային զինծառայություն: Իսկ հիմա այդ սահմանափակումներով զինծառայություն կատեգորիան ընդհանրապես հանված է: Բոլոր դեպքերում, կա նաև մյուս խնդիրը, որ նույն անձի մոտ մի քանի հիվանդության առկայության պարագայում  պիտանիությունը ոչ թե որոշվում է այդ հիվանդությունների առկայությամբ, այլ առանձին հիվանդություններով է ճանաչվում պիտանիությունը»,-տեղեկացրել է իրավապաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել