Իրանի նախագահ Հասան Ռուհանին ներկայացրել է կառավարության նոր կազմը: 
Ռուհանին Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել ԻԻՀ նոր կառավարության կազմը, որը զգալի փոփոխության է ենթարկվել: Մասնավորապես՝ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի պաշտոնում Ռուհանին ներկայացրել է Ամիր Հաթամիի թեկնածությունը, որը կադրային սպա է, Իրանի զինված ուժերում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բանակի հետախուզության գծով հրամանատարի տեղակալից մինչև ԳՇ պետի գլխավոր խորհրդական:
Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Մասուդ Քարբասիանի թեկնածությունը, որը զբաղեցնում է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնը և վերջերս այցելել էր Հայաստան:
Էներգետիկայի նախարարի պաշտոնը վստահվել է Հաբիբօլլահ Բիթարաֆին, որը ներկայումս զբաղեցնում է նավթի նախարարի տեղակալի պաշտոնը: Սովորաբար ԻԻՀ էներգետիկայի նախարարները համակարգում են Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Ինչ վերաբերում է նախագահի աշխատակազմին, ապա Իրանի նախագահի առաջին տեղակալ է վերանշանակվել Էսհաղ Ջահանգիրին: Հասան Ռուհանին իրավական և ընտանիքի ու կանանց հարցերով նախագահի տեղակալների պաշտոնները վստահել է կանանց՝ Լաայա Ջոնեյդիին և Մասումե Էբթեքարին, միևնույն ժամանակ ևս մեկ կին՝ Շահինդոխտ Մոլավերդին էլ նշանակվել է նախագահի հատուկ օգնականի պաշտոնում:
Ալի Շամխանին էլ վերանշանակվել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել