Այսօր առավոտվանից աշխարհի բոլոր ԶԼՄ-ները հաղորդում են Սաուդյան Արաբիայում իշխող ալ-Սաուդների դինաստիայի ներկայացուցիչ, 26-ամյա արքայազն Թուրքի ալ-Սաուդի մահվան մասին գուժը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երիտասարդ արքայազնը մահացել է սրտամկանի կաթվածից։
Սակայն Սաուդյան Արաբիայում տիրող իրավիճակին ծանոթները չեն հավատում, որ Թուրքի ալ-Սաուդը Ալլահի մոտ է ուղևորվել հիվանդության պատճառով։
Հիշեցնեմ, որ Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, և երկրում ամբողջ իշխանությունը գտնվում է իշխող թագավորական դինաստիայի ներկայացուցիչների ձեռքում։
Ներիշխանական պայքարը և իրավիճակի սրումը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին 81-ամյա թագավոր Սալման իբն Աբդել Ազզիզ ալ-Սաուդը որոշում ընդունեց փոխել թագաժառանգին և 57-ամյա Մոհամեդ բեն Նաիֆին փոխարինեց իր որդով՝ 31-ամյա Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդով։
Այսպիսի իրադարձություններն անհետևանք չեն անցնում, քանի որ նախկին թագաժառանգը և նրա կողմնակիցները ձեռքները ծալած չեն նստում և փորձում են վերականգնել իրենց իրավունքները։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդին թագաժառանգ նշանակելուց հետո երկրի թագավորը ոչ միայն նախկին թագաժառանգին՝ Մոհամեդ բեն Նաիֆինին, զրկել է զբաղեցրած պետական պաշտոններից՝ ՆԳ-ի և հատուկ ծառայությունների նախարարությունների ղեկավարի պաշտոններից, այլև վերցրել է տնային կալանքի տակ նրա հայրենի Ջիդդա քաղաքում գտնվող պալատում և վերջինիս արգելել է լքել երկրի տարածքը։ Ըստ նույն աղբյուրների՝ Մոհամեդ բեն Նաիֆի կարգավիճակում դեռ փոփոխություններ չկան։ Նա շարունակում է բանտարված մնալ իր տանը։
Օգոստոսի 6-ին Fars գործակալությունն, արաբական ԶԼՄ-ներին հղում տալով, տեղեկություն տարածեց, ըստ որի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի դեմ մահափորձ է կազմակերպվել, որը ձախողվել է։ Ըստ Fars-ի՝ մահափորձն իրականացրած արքայազնը ձերբակալվել է։ Ու հանկարծ այս տեղեկությունից ընդամենը երկու օր անց ալ-Սաուդները տեղեկություն են տարածում, որ մահացել է իշխող դինաստիայի արքայազներից մեկը։ Մեծ հավանականությանբ կարելի է ասել, որ այսօր սրտամկանի ինֆարկտից մահացած արքայազն Թուրքի ալ-Սաուդը հենց այն արքայազն է, ով Մոհամեդ բեն Սալման ալ-Սաուդի դեմ կազմակերպած անհաջող մահափորձի հեղինակն է։ Սպանելով իր եղբայրներից մեկին՝ վերջինս իր ենթականերին ցույց է տալիս իր ուժը և հասկացնում, որ չի ներելու դավաճաններին։
Իշխանությունը շատ քաղցր և թանկ բան է։ Բացարձակ տարբերություն չկա միջնադարում և 21-րդ դարում տեղի ունեցող իշխանության համար մղվող պայքարի ձևերի միջև։ Սաուդյան Արաբիայում այսօր տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։ Առանց դատ ու դատաստանի եղբայր, քույր, հայր, մայր և այլ բարեկամների սպանելը ամենաընդունված տարբերակն է։ Չկա մարդ, չկա և նրանից սպասվող վտանգը։


Հ.Գ. Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ նորաթուխ թագաժառանգն, ի տարբերություն նախկինի, Քաթարի և Իրանի հարցերում ավելի ծայրահեղական տեսակետներ ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել