Արամ Զավենի Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունը ցանկանում է պառակտել «Ելք» դաշինքը` թույլ չտալու համար ընդդիմությանը խոչընդոտել Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու հարցում։ Սարգսյանը հայտարարել է, որ 2018 թվականին ինքը հրաժարական է տալու, որից հետո իշխող մեծամասնությունn ընտրելու է վարչապետ։ Պարզ է, որ մեծամասնությունը ՀՀԿ-ն է։ Պարզ է, որ վարչապետ է ընտրելու Սարգսյանին։ Այս ամենը հրաշալի գիտի «Ելք» խմբակցությունը և յուր առաջնորդները՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Հետևաբար եթե կա նման մտավախություն կիսվելու, պառակտվելու, ինչպես Վահրամ Բաղդասարյանն էր ասում, մաս-մաս անելու, ապա առնվազն պետք է ուշադիր լինել ստեղծված պարագայում, որովհետև այդ գործում իշխանությունը պրոֆի է։ Բայց այ պարոն ընդդիմադիրները եթե գիտեն այդքան բանը, ինչո՞ւ են տարիներ շարունակ կուլ տալիս այդ խայծը։ Հենց այս պահին կարող ենք մի քանի դրվագ նշել, որոնք վկայում են, որ «Ելք»-ում իրարից բացարձակ տեղյակ չեն։ Մասնավորապես՝ երկու օր առաջ պատգամավոր Մանե Թանդիլյանը գրառում է անում, թե Ռոսսիա մոլի մոտ ծառեր են կտրում։ Ռոսսիա մոլի ղեկավարությունը զգուշացվում է, իսկ այդ տարածքը, ինչպես գիտեք, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, ով «Ելք»-ի հետ, մեղմ ասած, ամենավատ հարաբերությունները չունի։ Կամ, օրինակ, Էդմոն Մարուքյանը հայտարարում է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ դրան չի արձագանքում, Արամ Սարգսյանը արձագանքում է, սակայն խոսում է հետևանքների մասին։ Երեք տարբեր կուսակցություներ, երեք տարբեր կարծիքներ։ Այս պարագայում իշխանությունը պետք է առնվազն անմեղսունակ լինի, որպեսզի չօգտվի նման նվերից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել