Life.tert.am-ը գրում է.

40 –ամյա հաղորդավարուհի Դինա Ակոպովնան 17 տարեկանում ամուսնացել է, արդեն 18–ում մայր դարձել, ապա ամուսնալուծվել և միայնակ մեծացրել դստերը։  Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում Դինան խոսել է ոչ միայն ԱՄՆ մեկնելու, այլև ամուսնուց բաժանվելու ծանր շրջանի, դստերը միայնակ մեծացնելու, կողակից չունենալու և շոուբիզնեսային խնդիրների մասին։
Ի դեպ, այս պահին Դինան մտածում է ԱՄՆ մեկնելու մասին, որտեղից աշխատանքային առաջարկ է ստացել։ Նրա խոսքով` ԱՄՆ կմեկնի ոչ թե  բնակություն հաստատելու, այլ աշխատելու և վերադառնալու նպատակով։

–Դինա, շոուբիզնեսցիներից շատերը հիմա ձգտում են բնակություն հաստատել ԱՄՆ–ում։ Դուք մշտական բնակությա՞ն եք մեկնելու։

–ԱՄՆ-ում բնակություն հաստատելու միտք էլ չունեմ, որովհետև ես էստեղ ունեմ ընտանիք՝ ծնողներ, աղջիկ։ Ես այստեղ կայացած ու գնահատված եմ, իմ աշխատանքն ունեմ։ Ինձ համար աբսուրդ է ամեն ինչ 0-ից սկսելը։ Ես կարող եմ գնալ, վաստակել ու վերադառնալ։ Միգուցե, գնամ, ամեն բան այնքան շահագրգռող լինի, մտածեմ նաև ապրելու մասին, բայց առայժմ նման միտք չունեմ։

Աղջիկս էլ այստեղ է, երբևէ ԱՄՆ գնալու ցանկություն չի ունեցել։ Նա արդեն ամուսնացած է, բացի այդ, Թատերական ինստիտուտն է ավարտել և առանց իր թատրոնի, կինոյի ու պարոն Ծատուրյանի աշխարհն իր համար 0 է։

 

–Ձեր դուստրը մասնագիտությամբ դերասանուհի է։ Դուք ծանոթություններ ունեք ոլորտում։ Որքանո՞վ եք օգնում նրան` կայացման ընթացքում։

– Երբ աղջիկս գնաց Թատերական, խնդրեց, որ ընդհանրապես չերևամ այնտեղ։ Նա ընդունվել է առանց իմ աջակցության։ Ինձ տեսել են 1 տարի հետո` վճար անելիս։ Թե՛ Նիկոլայ Ծատուրյանը, թե՛ Նազենի Հովհաննիսյանը, թե՛ մյուսները զարմացած էին, որ Իննան իմ աղջիկն է։ Ես միայն մեկ անգամ եմ իր համար զանգել, այն էլ նրա համար, որ իրեն այլ աչքով չնայեն, ուղղակի վերաբերեն որպես գրագետ դերասանուհու, քանի որ գիտենք` ինչ է կատարվում քասթինգների ժամանակ։ Մեր ասպարեզի մարդիկ էլ ունեն իրենց թիմը։ Մի քանի հոգի են կառավարում դաշտը. լինես լավը, թե վատը, 1000 տարվա ստաժ ունենաս, թե ոչ, կարևոր չէ։

Ես իմ աղջկա համար որևէ հեռուստաընկերություն չեմ զանգել։ Ամուսնությունից հետո նա որոշ շրջան իր ընտանիքում էր, հետո նրան հրավիրեցին նկարահանվելու «Եթե գտնեմ քեզ» հեռուստասերիալում, որտեղ փոքրիկ դեր ունեցավ։ Հիմա ինքն ուզում է ուսումը շարունակել մագիստրատուրայում և դասավանդել։ Ինքն ու ամուսինն են այդպես որոշել։

–Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր դստեր հետ։ Ընկերուհինե՞ր եք, թե՞ պահում եք մայրական խստությունը։

–Ես իմ աղջկա մեծ քույրն եմ։ Ես 6 ամսականից միայնակ եմ մեծացրել նրան և իր ընկերուհին եմ եղել։

 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել