Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին անսպասելի խիստ քննադատության ենթարկեց Թուրքիայի կրոնական գործերով նախագահությանը: Նա մասնավորապես ասել է, որ Կրոնական գործերով նախագահությունը (այսուհետ՝ Դիյանեթ) գործում է թույլ, դրա համար արևելքից և արևմուտքից, ինչպես նաև երկրի հարավ-արևելքից կրոնական համակարգ են ներթափանցում անցանկալի տարրեր և պառակտում այն: Դիյանեթի օրվան նվիրված միջոցառման ժամանակ Էրդողանի քննադատությունը հասել է մինչև ֆինանսական ոլորտ: Հատկապես նա ընդգծել է, որ ինքը Դիյանեթին մեծ կարևորություն է տալիս պետական կառավարման մեջ, հենց դրանով է պայմանավորված այդ կառույցին ավելի շատ ֆինանսավորելը, քան որոշ նախարարությունների: Նա նաև նշել է, որ Դիյանեթն ունի ավելի շատ աշխատողներ (Իմամներ, մուֆթիներ և այլն), ովքեր օրը առնվազն հինգ անգամ շփվում են քաղաքացիների հետ և ավելի ազդեցիկ խոսք ունեն, քան ցանկացած նախարարության աշխատակից, սակայն այդ աշխատողները աչքաթող են արել պետությունը:
Թուրքիայի նախագահի օգոստոսի 5-ի այս խիստ քննադատությունից հետո հրաժարական տվեց Դիյանթեի ղեկավար Մեհմեդ Գյորմեզը, ով այդ կառույցի ղեկավար էր դարձել Էրդողանի ձեռամբ դեռևս յոթ տարի առաջ: 
Այս կրոնական կազմակերպությունում փոփոխությունները կարծես խորքային են, քանի որ Միջազգային իսլամական համալսարանում տեղակայված կառույցը շուտով, Էրդողանի որոշմամբ, կտեղափոխվի Ստամբուլ:
Իսկ թե Էրդողանը արևելք և արևմուտք, երկրի հարավ-արևելք ասելով ինչ նկատի ունի, պարզից էլ պարզ է:
Երկրի հարավ-արևելքում քրդական ազգայնականության և քրդական բանվորական կուսակցության ակտիվացումն է, իսկ արևելք և արևմուտքում ԱՄՆ-ում և Եվրոպայում հակաթուրքական տրամադրվածությունները, կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում իսլամիստ քարոզիչ, գիտնական Ֆեթուլլահ Գյուլենն է, ում Թուրիքան մինչ օրս համարում է 2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպիչ:
Դիյանթեի աշխատանքների թերացում է համարվում հուլիս 30-ին հարավարևելյան Շանլիուրֆա քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանից քիչ հեռու, քուրդ վաճառականների կողմից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա հարձակումն ու անարգումը:
Պետք է նշեմ, որ այս միջադեպից երկու օր հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը Աթաթուրքի դամբարանում հոգու հանգստության աղոթքի նկարներն է հրապարակել որպես համապետական պաշտամունքի առարկա, սակայն սա նույնպես հասարակության շրջանում, հատկապես՝ քեմալիստների, ընդունվել է ոչ միանշանակ...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել