Հայերը յուրօրինակ ժողովուրդ են։ Ասածիս առհավատչյան վերջին օրերին ՀՀ վարչապետի շուրջ ստեղծված աղմուկն է։ Կարեն Կարապետյանը Արմավիր կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիմանել էր տեղի քաղաքապետին, քանի որ վերջինս իր պարտականությունների, մասնավորապես՝ քաղաքի մաքրման համար նախատեսված գումարների հստակ թիվը չէր իմացել։ Սա ակնհայտորեն դուր չէր եկել վարչապետին, ով և չկարողացավ զսպել ջղայնությունն ու հրապարակավ հանդիմանեց քաղաքապետին։ Դե, խեղճ քաղաքապետն էլ այդ օրը ոչինչ չէր կերել (էնտեղ քյաբաբ է, խորոված է) ու ընկավ վարչապետի դռբի տակ, ինչպես ասում է ժողովուրդը։ Իրականում, սակայն, ուզում ես, Արմավիրի քաղաքապետին սաստիր, ուզում ես՝ Գյումրու կամ Վանաձորի, կապ չունի, արտաքին մասն, անշուշտ, ապահովում է վարչապետը հանրության ակնկալիքների բավարարման գործում, սակայն արդեն մեկ տարի է՝ նա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, իսկ դրական փոփոխություններ երկրի տնտեսության մեջ չկան ու չկան։ Միակ դրական բանը, որ եղել է, զբոսաշրջության կտրուկ ավելացումն է, որը, սակայն, դեռևս գնահատման ու ընդհանուր վերլուծության պետք ունի։ Ուստի դրա մասին խոսելը դեռ վաղ է։ Իսկ ահա մի տարին ահագին երկար ժամանակ է էական փոփոխություններ գրանցելու համար։ Չորս տարվա մեջ Հայաստանում երեք վարչապետ է փոխվել, սակայն ասել, թե դրանից երկրում էական փոփոխություններ են տեղի ունեցել, հաստատ, ճիշտ չի լինի։ Պետք է, իհարկե, հրապարակային մատնանշել թերությունը, սակայն պետք է նաև հետևել, որ դա կատարվի, ու դրա մասին արձանագրի ոչ թե քաղաքապետը կամ թեկուզ վարչապետը, այլ, նախևառաջ,  հենց Արմավիրի ժողովուրդը։ Թե չէ այսպես հռոմեական զորավարի կերպարով ներկայանալ, սաստել կարող են շատերը, սակայն արդյունքի մասով պարծենալը արդեն քյանդրբազության պես մի բան է դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել