ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել այն հարցաթերթիկներում, որոնք լրացնում են օտար պետությունների քաղաքացիները՝ ամերիկյան վիզա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս շաբաթվա վերջում Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԱՄՆ Դաշնային գրանցման ծառայություն՝ խնդրելով հաստատել փաստաթղթի նոր ձեւը որպես մշտական։

Առաջին անգամ հարցաթերթիկի նոր տարբերակը ներկայացվել էր այդ տարվա մայիսին։ Այն պարունակում է լրացուցիչ հարցեր՝ երբեւէ գործածված բոլոր անձնագրերի տվյալների մաիսն, տեղեկություններ սոցցանցերի հաշիվների մասին վերջին հինգ տարիներին, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները, այդ թվում բջջային, նաեւ վերջին 15 տարիների մասին ամբողջական կենսագրական տեղեկություններ՝ այդ թվում աշխատավայրերի ու բոլոր արտասահմանյան ուղեւորությունների մասին։

Այդ տեղեկությունների ներկայացումը կամավոր է, բայց հարցերին պատասխանելու դժկամությունը կարող հանգեցնել մերժման՝ վիզա  տրամադրելու հարցում։

Հարցաթերթիկի նոր ձեւը հաստատվել է վարչակազմի կողմից՝ ներգաղթի քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։ Պետդեպարտամենտում հրաժարվել են հայտնել, թե որ երկրների քաղաքացիները պետք է տրամադրեն այդ տեղեկությունները։ Ընդ որում պարզաբանել են, որ ընդամենն աշխարհում «լուրջ կասկածանքներ» են առաջացնում ամերիկյան վիզաների ստացման համար տարեկան մոտ 65 000 հայտեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել