Armenpress.am-ը գրում է.

Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում Զիգմար Գաբրիելը պահանջել է խստացնել Թուրքիայի դեմ իրականացվող քայլերը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտ հակադրության մեջ է եվրոպական արժեքային համակարգի հետ և անհրաժեշտ է հստակ պատասխան տալ այդ ամենին»,- նամակում նշել է Զիգմար Գաբրիելը:

«Հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործադրված ջանքերը Անկարայի ավելի ագրեսիվ և ապակառուցողական դարձած քաղաքականության հետևանքով ապարդյուն են անցել»,- հավելել է նախարարը:

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի, իրավապաշտպան Պետեր Ստոյդթների կալանավորումը նոր լարվածության պատճառ է դարձել թուրք-գերմանական հարաբերություններում:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք

որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան: Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել