«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ այսօր հաղարծինցիների ճանապարհ փակելու շարժառիթը երեկ գիշերը տեղի ունեցած դեպքերն են։ Բանն այն է, որ անցած գիշեր ոստիկանները «բռնել» են փայտով բեռնված մեքենան և այդ տղաներին ծեծի ենթարկել։ Ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, գիշերը տեղի ունեցածի մասին ստույգ փաստերով ոչ ոք չի կարողանում ոչինչ ասել․ «Միակ փաստացի տվյալը նա է, որ այս պահին այդ ծեծվածներին տեղափոխում են Դիլիջանի ոստիկանություն»։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել ոստիկանության Դիլիջանի բաժնից, սակայն այնտեղից մեզ հայտնեցին, որ ոչինչ չեն կարող ասել, դիմենք ոստիկանության լրատվական ծառայություն։ Լրատվական ծառայությունից էլ մեզ դեռ չեն պատասխանել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, տավուշցիները փակել էին Երևան-Իջևան ավտոճանապարհը․ նրանք պահանջում էին թույլատրել օգտվել մոտակա անտառներից, քանի որ փայտի գործը միակ ապրուստի միջոցն է։ Ցուցարարների հետ հանդիպելու համար բարձրաստիճան պաշտոնյաներ էին ժամանել, ովքեր երկու օր ժամանակ խնդրեցին հարցը կարգավորելու համար: Տավուշցիներն էլ ճանապարհը բացեցին՝ պայմանով, որ Կառավարությունից մարդ կգործուղեն իրենց հետ հանդիպելու և խնդրին լուծում տալու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել