Operativ.am-ը գրում է․

200 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան:

Մայորի պաշտպանը պահանջում է բեկանել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու արդարացնել իր պաշտպանյալին կամ մեղավոր ճանաչելու դեպքում սահմանել անհամեմատ ավելի մեղմ պատիժ`ընդհուպ մինչև Քրեական օրենսգրքի 64 կամ 70 հոդվածների կիրառմամբ:

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղ.-ին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրիի զինվորական կոմիսարիատի պաշտոնյային` մայոր Արտեմ Մ.-ին: Վերջինս, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը եւ, իբր, գործընթացն արագացնելու համար Հակոբ Ղ.-ից պահանջել 200 ԱՄՆ դոլար կաշառք:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ կաշառք վերցնելու պահանջը ներկայացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Գյումրիի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տիգրան Մ.-ի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու մյուս իրավախախտումները, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Ավելին, չարաշահելով Հակոբ Ղ.-ի վստահությունը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից խաբեությամբ պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել եւ ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել