Հայաստանում 2017 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է համակարգչային հանցագործության 128 դեպք: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, համակարգչային հանցագործության դեպքերի գերակշիռ մասը վերաբերվում է հափշտակություններին, որոնք կատարվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ`38 դեպք, որից 35-ով հարուցվել է քրեական գործ, 13-ը ուղարկվել դատարան: «Շոշափելի թիվ են կազմում նաև համակարգչային տեղեկատվությանը ապօրինի տիրանալու դեպքերը: 2017 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 16 նման դեպք, նույն քանակությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ 2-ը ուղարկվել է դատարան»,- նշեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:

Այս տարի նաև գրանցվել է պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու 9 դեպք և վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու եւ տարածելու մեկ դեպք:

«ՀՀ ոստիկանության կողմից պարբերաբար կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, իսկ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների կողմից տարբեր ԶԼՄ-ների տրվող հարցազրույցների միջոցով ներկայացվում են կիբերհանցավորության տարբեր դրսևորումները և այլ արդի մարտահրավերները այս ոլորտում»,- ասացին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից:

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժինը ակտիվ համագործակցություն է իրականացնում Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և մի շարք այլ միջազգային կառույցների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել