«Սասնա ծռերի» դատավարության՝ փակ կարգավիճակով անցկացնելու հարցը, կարծում ենք, ժամանակի հարց է։ Ըստ էության՝ ամեն ինչ դրան էլ տանում է, քանի որ նիստերը, դեռ չսկսված, ընդհատվում են կամ անցնում չափազանց լարված մթնոլորտում։ Պարզ է, որ նման իրավիճակը ունի երկու ելք՝ կա՛մ վերջապես ծռերը և նրանց փաստաբանները սկսում են հավուր պատշաճի մասնակցել դատապրոցեսներին, կա՛մ էլ բոյկոտում են, նիստերը անցնում են դռնփակ։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ պարագաներում, սակայն, իրավիճակը քաղաքական իմաստով կարող է փոխվել։ Դռնփակի դեպքում արդեն վերջինիս համակիրները սկսելու են պահանջել հակառակը, որպեսզի տեղյակ լինեն քաղաքական իրողությունից, նիստերի բովանդակությունից։ Ինֆորմացիոն քաղցը հագեցնելու համար չի բացառվում նորից դուրս գալ փողոցներ։ Փողոցային պայքարում նրանց կարող են աջակցություն ցույց տալ քաղաքական կուսակցություններից միայն Ժառանգությունն ու «Երկիր ծիրանին», քանի որ վերջիններիս հարապարակավ մի քանի անգամ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել զինված ջոկատին։ Սա իշխանության համար էլ կարող է ձեռնտու լինել զուտ այն իմաստով, որ հասարակական ապատիան թոթափելու համար անհրաժեշտություն կլինի մի քիչ ակտիվացնելու քաղաքական կյանքը։ Այնպես որ, տրամաբանություն ամեն դեպքում կա հատկապես ծռերի կողմից՝ նիստերը բոյկոտելու ու ամեն կերպ այն ընդհատելու փորձեր անելու մեջ։ Մնում է միայն պարզել ժամանակը, թե դատարանը երբ նման որոշում կկայացնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել