Հիմնվելով Ադրբեջանական Հանրապետության վիճակագրական պետական կոմիտեի տվյալների վրա՝ նշենք, որ Ադրբեջանի առևտրային շրջանառության տվյալներ ($ մլն) 2005-16թթ. համար առկա են եղել հետևյալ 7 օֆշորային գոտիները` Մալթա, Վիրջինյան կղզիներ (ԱՄՆ), Կիպրոս, «այլ չնշված երկրներ» խումբը, Լյուքսեմբուրգ, Բահամներ և Ջիբրալթար: Առևտրային այս շրջանառության գումարային ծավալը կազմել է մոտ $4.5 մլրդ, ինչը դիտարկված ժամանակահատվածում կազմում է աշխարհի երկրների հետ (բացի ԱՊՀ երկրներից) Ադրբեջանի առևտրային ընդհանուր շրջանառության 2.8%-ը: Իր ծավալներով այստեղ առաջին տեղում է Մալթան` $768 մլն, որին հաջորդում է Վիրջինյան կղզիները (ԱՄՆ)` $610 մլն: Համաձայն ԵՄ էներգետիկ պորտալի՝ Մալթան 100%-ով ներկրում է հում նավթի իր պահանջարկը հիմնականում Իտալիայից (ավելի վաղ` Լիբիայից): Ադրբեջանից հում նավթի կամ այլ ապրանքների մատակարարումները Մալթային փաստված չեն: Ադրբեջանից Մալթա արտահանումներն անհրաժեշտ է դիտարկել որպես օֆշորային արտահանումներ՝ դիտարկելով դրանք, ամենայն հավանականությամբ, Իտալիայի հետ Ադրբեջանի առևտրային շրջանառության ծիրում:

Ադրբեջանից արտահանումների գումարային ծավալները 1992-2016թթ. համար կազմել են մոտ $3.8 մլրդ, ինչը կազմում է աշխարհի երկրների հետ (բացի ԱՊՀ երկրներից) Ադրբեջանի արտահանումների 2.8%-ը: Այստեղ Մալթան նույնպես գրավում է առաջին տեղը` $861 մլն, որին նորից հաջորդում է Վիրջինյան կղզիները (ԱՄՆ)` $610 մլն: Համադրելով տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ նշված երկրների հետ առևտրային շջանառությունը գրեթե ամբողջովին բաղկացած է դեպի օֆշորներ արտահանումներից:

Ադրբեջանից տարեկան արտահանումների դրամական ծավալները 1992-ին կազմել են ընդհանուր արտահանումների մոտ 9%-ը (մոտ $73 մլն` դեպի Կիպրոս), որից հետո սկսում են նվազել մինչև Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի յուրացման «վաղ նավթի» փուլի մեկնարկը: 1999-2006թթ. դրանք տատանվում էին 2%-ի շրջակայքում: Արտահանումներն այս գոտիներ կտրուկ աճում են 2007-ին՝ կազմելով այդ տարի ընդհանուր արտահանումների մոտ 5%-ը. 2008-ին, ամենայն հավանականությամբ ֆինանսական ճգնաժամի հետևանքով, դրանք նվազում են և հետո կայունորեն աճում 2009-15թթ. ընթացքում՝ 2015-ին կազմելով մոտ 6% ($1.3 մլդ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով գրեթե 3.5 անգամ:

Համաձայն ԱՎՊԿ տվյալների՝ 2016թ. Ադրբեջանից արտահանումների գումարային ծավալը կազմել էր $25.5 մլրդ: Անցած 10 տարիների ընթացքում այս առումով ռեկորդային էր 2008թ., երբ արտահանումների գումարային ծավալը կազմել էր $47.13 մլրդ: Արտահանումներում առյուծի բաժինը պատկանում է ածխաջրածիններին, առաջին հերթին` հում նավթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել