Yerkir.am-ը գրում է.

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն այսօր վստահեցրել է, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեն, որը տարածաշրջանային իշխանությունները նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, չի անցկացվի: Այդ մասին, ըստ ТАСС-ի, գրում է El Pais-ը:

Ըստ թերթի` վարչապետն ընդգծել է, որ «օրենքն ու ժողովրդավարությունը չի կարելի տարանջատել», ապա հավելել է, որ «Իսպանիան զարգացած ժողովրդավարություն է»: 

Իսպանիայի վարչապետը, ով ներկայումս արձակուրդում է, չի բացառել, որ օգոստոսի 16-ին կհրավիրի Նախարարների խորհրդի արտակարգ նիստ, եթե կատալոնական իշխանությունները փորձեն հաստատել հանրաքվեի մասին օրենքը:

Կատալոնիան Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավարություն է, որն անկախանալու մտադրություն ունի: Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայի կազմից դուրս գալու հանրաքվե անցկացնելու մասին բանաձևին, սակայն երկրի Սահմանադրական դատարանը չեղարկեց այն: Չնայած դրան` հունիսի սկզբին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարեց, որ անկախության հանրաքվեն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին: Կատալոնացիները պատրաստվում են պատասխանել հարցին` «Ցանկանում ե՞ք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն` կառավարման հանրապետական  ձևով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել