Երեկ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, ինչպես և սպասվում էր, շարունակական հետագիծ ունի։ Եվ ցավոք, այս անգամ էլ խոսքը վենդետայի մասին է։ Ըստ գյուղում պտտվող տեղեկությունների՝ հարձակում գործած Թելման Քալաշյանը վրեժ է լուծել սգո սրահում գտնվող Օզմանյան եղբայրներից, որոնցից Ամրոն Ռուսաստանում հայտնի հեղինակություն է, ու ըստ տեղեկությունների՝ կապ ունի Քալաշյանի եղբոր սպանության հետ։ Սրանք դեռ չճշտված տեղեկություններ են, սակայն եթե պարզվի, որ իրոք այդպես է, ապա հերթական վենդետային ականատես եղած կլինենք։ Եվ առհասարակ, վերջին ժամանակներս Հայաստանում վրեժի հողի վրա հարցերի լուծման տարբերակները շատացել են։ Սա, իհարկե, խոսում է ոչ միայն հանրային դեպրեսիայի, այլև իրավական ոլորտի լուրջ բացթողումների մասին։ Բացի այդ՝ սրա վրա որոշակիորեն ազդում է նաև քաղաքական իրավիճակը։ Հայաստանի նման երկրներում կենցաղային հարցերից մինչև սոցիալական հարցեր կարգավորվում են քաղաքական օղակներով, երկիրն էլ, քանի որ փոքր է, մեկը մյուսին ճանաչում են, և չի բացառվում, որ այս դեպքն էլ շուտով իրար կապող շրջանակներ գտնի ու կարգավորվի։ Սակայն սա հետք է թողնում հանրության տրամադրությունների վրա, որոնք վենդետան սկսում են ընկալել որպես սովորական երևույթ։ Այ սա շատ վատ է։ Անշուշտ, հիմա դրա համատարած բնույթ կրելու մասին խոսակցությունները ճիշտ չեն լինի, սակայն տենդենցի շարունակականության միտումները գնալով ավելանում են։ Իսկ սա չի կարող չմտահոգել ոչ միայն իրավապահ համակարգին, այլև ամբողջ քաղաքական իշխանությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել