Armenpress-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զանգահարել է օդաչու Ալեքսանդր Ակոպովին, ով վթարային իրավիճակում հերոսաբար կարողացել էր բարեհաջող  կերպով նստեցնել ինքնաթիռը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում, և անձամբ շնորհակալություն է հայտնել նրան այդ արարքի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:

«Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի և աննախադեպ տոկունության շնորհիվ այսուհետ ինքնաթիռի 121 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները կարող են տոնել իրենց երկրորդ ծննդյան օրը: Ուկրաինան հպարտանում է նման որդիներով»,- հեռախոսազրույցի ժամանակ ասել է նախագահ Պորոշենկոն:

Նա հայտնել է նաև, որ որոշում է կայացրել ստորագրել հրամանագիր Ալեքսանդր Ակոպովին  «Արիության» մեդալով պարգևատրելու մասին: Պորոշենկոն խոստացել է նաև, որ անձամբ է հանձնելու պարգևը, երբ օդաչուն օգոստոսի կեսերին լինի Ուկրաինայում:

Իր հերթին Ակոպովը նախագահին պատմել է կատարվածի մանրամասները՝ հայտնելով, որ չնայած տեղի ունեցած արտակարգ դրության՝ լավ տրամադրություն ունի և պատրաստ է հետագայում էլ կատարել իր պարտականությունները: Նա շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին հեռախոսազանգի և բարձր պետական պարգևի համար:

Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:  Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուի՝ սեղմելով նրա ձեռքը:

Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ են անում, որ նա հայ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել