Թվային տեխնոլոգիաների զարգացման դարում բոլորս ենք ինտերնետային հերոսներ: Վիրտուալ իրականության մեջ ամեն մեկս ընտրել ենք մի կերպար ու ակտիվ հանդես ենք գալիս այդ կերպարի ներքո: Ոմանց դա հաջողվում է, ոմանք էլ իրենց խղճուկ փորձերով միայն ծաղրուծանակի են արժանանում: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերը դարձել են երիտասարդ և ոչ այնքան մարդկանց կյանքի անբաժան մասը: Չկարողանալով ռեալիզացնել այնպիսի բաներ, որոնց ձգտում ենք իրական կյանքում, փորձում ենք դրանք տեղափոխել վիրտուալ դաշտ, որտեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու անարգել է:
2006 թվականին ինտերնետ տիրույթում հայտնված одноклассники.ru կայքը հատեց մինչ այդ գոյություն ունեցող ռեկորդային բոլոր սահմանները: Մարդիկ էյֆորիայի մեջ ընկած «սայթեր» էին բացում ու ինքնահաստատվում: Հետաքրքիր վիճակագրություն կլիներ հաշվել վերոնշյալ կայքի միջոցով հանդիպած պարմանների ու պարմանուհիների, այդ հանդիպումների արդյունքում ձևավորված «ընգեր-ընգերուհիների», «մեր քվոր նկարին ացենկա դնելու» առիթով կազմակերպված «մեր քվոր ախպոր+ մեր քվոր ախպոր շրջապատ- մեր քվոր նկարին ացենկա դրած հարիֆ + հարիֆի շրջապատ» հույժ գաղտնի ու կարևոր ասուլիս-կոնֆերանսների, ջարդված ծնոտների ու քթերի թիվը:
Ամենևին նպատակ չունեմ քննադատել վերոնշյալ կայքը (դրանով զբաղվողների թիվն առանց այդ էլ մեծ է): Մինչ ազգի ռուսայոլա տանող խավը «կայֆեր էր անում» одноклассники.ru կայքում, հասարակության մյուս մասը, որ առանձնանում էր անգլերենի լավ իմացությամբ, հաստատվում էր facebook.com կայքում: Նրանք հպարտանում էին այն բանով, որ այս կայքում չկան «աղջիկ խոսացնող քյառթուներ» և միամտաբար ստատուսներ էին գրում մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «Երեխեք, բայց ինչ հավես ա չէ՞, որ էս սայտում քյառթուներ չկան», «Ինչ լավ ա, կարամ նկարներս հանգիստ տեղադրեմ, մեկ ա բոլորը չեն տեսնի»:
Սա շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև Ֆեյսբուք անող Աննայի հարևանի տղա Արթուրը, որ այդ ժամանակ բախտի անհաջող բերմամբ նրանց տանն էր գտնվում, տեսավ ինչ-որ նոր կապույտ ադնակլասսնիկի ու որոշեց հարցնել, թե ի՞նչ է դա: Աննան իհարկե կարող էր հասկանալ, որ իր պատասխանից է կախված շատ-շատերի հետագա վիրտուալ կյանքը, բայց, ցավոք, նա դա չգիտակցեց և անկեղծ պատասխան տվեց Արթուրին. «Շատ լավ սայթ ա, Արթուր ջան, շփվում ենք ընկերների հետ, տենց էլի»: Արթուրի` հատ-հատ շարած մազափունջից մի մազ վեր ցցվեց (կամ ժելեյի չափից շատ լինելուց կամ էլ մտքի փայլատակումն այդպես էր արտահայտվում նրա մոտ):
Միևնույն ժամանակ երրորդմասցի Լյովը ճաշասենյակով անցնելիս նկատեց քրոջը, որ շատ տարօրինակ կերպով հանգիստ նստած չաթ էր անում ընկերուհու հետ նույն Ֆեյսբուքում, և նրա հոնքը խորհրդանշական վեր բարձրացրեց. «Էս ի՞նչ թազա սայթ ա…»:
Այսպիսով, շուտով ողջ Ֆեյսբուքով տարածվեց գուժը, ես կասեի` բոթը. «Нас нашли. Нашествие кяртов»… Մի փոքր ժամանակ անց արդեն հանդիպում էին «ara es fesbuk@ vonc a ashxatum», «hors arev es inch xarn a», «ape um drujit em talis @ndunum a» և այլ ստատուսներ: Շատ ավելի հաճախ հանդիպում էին աղջիկների «պատերի» վրա գրված «barev vonc es»-ներ: Եվ այսպես, կամաց-կամաց, նորմալ շփում և ավելին փնտրող մարդկանց վերջին հանգրվան Ֆեյսբուքը վերածվեց այնտեղ ամեն ջանքով ներս խցկվող «քյառթերի» և նրանց այնտեղից վռնդել ձգտող «ֆեյսբուքցիների» մարտի դաշտի:
Իսկ այժմ մի քանի վառ օրինակ «Քյառթուիզմը Հայաստանում» խորագրի ներքո կամ այլ կերպ ասած` ինչպես «չկպցնել» աղջիկներին: Հանցագործների անուններն ու դեմքերն աղավաղված են` «մարդ ես, մեկ էլ տեսան, եկան կռիվ» նկատառումներից ելնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել