«Հայաստանի քաղաքական-հասարակական վերնախավի փոփոխության հետ մեկտեղ փոփոխությունների ենթարկվեց նաև մամուլի լեզուն: Եվ դա բնական է: Եթե ԱԺ պատգամավորը, պաշտոնյան լրագրողի հետ խոսում են «քուր ջան»-ով, մեկ այլ լրագրողի սպառնում, որ ծնոտը կջարդեն, տեսախցիկների առջև չեն խորշում փողոցային բառապաշար օգտագործելուց, ապա ինչպես կարող են այդ լեզուն, բառապաշարը մուտք չգործել մամուլ: Եվ ոչ միայն մուտք են գոր­ծում, այլև դառնում տեր ու տիրական:
 
Դիցուք՝ լրագրողը հարցազրույց է անում ճա­նաչված գեներալի կամ դեպքից դեպք ԱԺ այցե­լող օլիգարխի հետ: Ինչ անի նրանց դեպքում ոսկեղենիկ հայերենը, երբ լրագրողն ստիպված է հարցազրույցում խոսքը մեջբերել բառացի: Ի վերջո, պաշտոնյայի, օլիգարխի կերպարը պետք է ամբողջական երևա հենց իր խոսքով, իր արտա­հայտած յուրօրինակ մտքերով: Մարդուց, որն ԱԺ պատգամավոր է դարձել ոչ ամենևին օրենսդիր աշխատանքով զբաղվելու նպատակով, ի՞նչ ենք ակնկալում: Որ հայերենի, իր խոսքի նկատմամբ բծախնդի՞ր լինի, խոսի և գրի առանց քերակա­նական և շարահյուսական սխալների՞, որ ծի­ծաղի չարժանանա՞ լրագրողական համայնքի կողմից: Բայց չէ որ ինքն էլ լավ գիտի, որ եթե որևէ լրագրող իրեն մոտենում է հարցազրույցի խնդրանքով, ապա օրենքների մասին չէ, որ հարց է ուղղելու: Ոչ էլ մայրենի լեզվով հոդաբաշխ պա­տասխան է ակնկալելու իրենից: Եվ հենց այդ ոչ հոդաբաշխ պատասխանը, հայերենի նկատմամբ քամահրանքը, ժարգոնը ներխուժում են մամուլ, որը կարդում է մտավորականը, ուսանողը, դպրո­ցականը, քաղաքացին՝ առհասարակ: Կարդում է, և դժվար է ասել՝ զվարճանում է, թե տխրում:
 
Նա դպրոցում կարդացել է Թումանյան, Տեր­յան, Չարենց, Վարուժան, որոշ բաներ էլ նրանցից անգիր գիտի: Իհարկե, դժվար է այսօր Թումանյանի, Չարենցի, Տերյանի լեզուն դարձնել մամուլի լեզու և ընթերցող ունենալ: Դժվար է, որովհետև երբ զրուցակիցդ խոսում է թաղի տղայի բառա­պաշարով, չես կարող զերծ մնալ այդ բառապա­շարը հարցազրույցում չօգտագործելուց: Հակա­ռակ դեպքում՝ դա կհամարվի զրուցակցիդ խոսքի աղավաղում, մասնագիտական սխալ, գրքային ու իրականությունից կտրված ոճ: Եվ երևում են նրանք՝ իրենց ողջ «հմայքով» ու թշվառությամբ: Երևում են նույնիսկ այն բանից հետո, երբ ռուս հերթական բարձրաստիճան պաշտոնյան առա­ջարկում է ռուսերենին պետական կարգավիճակ տալ Հայաստանում: Ո՞վ և ինչպե՞ս պետք է հակադարձի ռուս պաշտոնյային: Այն օլիգարխը, ԱԺ պատգամավորը, որ մայրենի լեզվին կարգին չի տիրապետում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել