Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի կառավարությունից պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերին, թե իբր Իսրայելը փորձել է մուսուլմանների « ձեռքից խլել » Երուսաղեմում գտնվող ալ-Ասքա մզկիթը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Միջանկյալ նշենք, որ  Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշել էին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Ինչից հետո Իսրայելը արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էին Թուրքիայից:

Ըստ թուրքական  «Diken» թերթի կայքի՝  Իսրայելի  վարչապետի Բենյամին Նեթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվել է.

«Հետաքրքիր է, թե ինչ կասի Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի բնակիչներին և քրդերին: Էրդողանը վերջին անձն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Թեմայի հետ կապված «Twitter»-ի էջում գրառում է կատարել նաև Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմմանուել Նախշոնը՝ ասելով.

«Ավելի լավ կլինի, որ Էրդողանը հետաքրքրվի սեփական երկրի խնդիրներով և հարցերով: Օսմանյան կայսրության օրերը  վաղուց ավարտվել են: Հրեա ժողովրդի  մայրաքաղաքը Երուսաղեմն է և այդպես էլ կմնա:  Ապակե տան մեջ ապրող Էրդողանը ուրիշների տների վրա չպետք է քար նետի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել