Զուտ մասնագիտականին վերաբերող խնդիրներին այնքան էլ հաճախ չեմ անդրադառնում այս հարթակում՝ ենթադրելով, որ դրանք շատերին չեն հետաքրքրի: Իսկ ում էլ հետաքրքրում է, ըստ հնարավորության, կարելի է առանձին զրուցել, միմյանց հասկանալ, եթե երկուստեք դրա կարիքը կամ ցանկությունն առկա է: Մի խոսքով: 
Սակայն մամուլի քարտուղարներ vs լրագրողներ այս վերջին «պատմության» դեպքն այլ է: Բնականաբար, անախորժ և անդուր «պատմություն» է: Սա՝ մեղմ ասած: 
Այն, որ հայրենի մի շարք գերատեսչությունների մամուլի քարտուղարները «Ֆեյսբուքում» առանձին ու փակ խումբ են ստեղծել, թերևս նորմալ է: Դե, մտածում ես, մարդիկ մասնագիտական խնդիրներ քննարկելու, որոշակի հմտություններ ու խորհուրդներ փոխանակելու, իրենց կարողությունները կատարելագործելու կարիք ունեն: Նորմալ է: 
Բայց մեկ էլ, այդ փակ խմբի ներքին «գրագրության» դրվագներ են սպրդում հրապարակային դաշտ, ու տեսնում ես, որ դրել ու առանձին լրագրողի կամ լրատվամիջոցի են «քննարկում», ծանրութեթև են անում, թե՝ այսինչը լրատվամիջո՞ց է, առհասարակ, այնինչը լրագրո՞ղ է և այլն: Չկրկնեմ: Մանավանդ թեմայով հետաքրքրվողները տեսել են, գիտեն: 
Ես էլ տեսա ու անկեղծորեն տխրեցի: Ավելի լավ է դրա՛ մասին արտահայտվեմ: 
Տխրեցի, որովհետև զգացվում էր, որ անձնական վերաբերմունքով, տվյալ դեպքում՝ հակակրանքով են պայմանավորում որևէ լրագրողի հարցերին պատասխանել-չպատասխանելը, ինչպե՛ս պատասխանելը: Դա ինքնին հակամասնագիտական, կամ այսպես ասեմ՝ կոնտր-պրոֆեսիոնալ մոտեցում է, իհարկե: 
Անձնական կամ անանձնական «սև ցուցակների» մասին դատողությունները՝ դեռ մի կողմ, չնայած ինչո՞ւ «մի կողմ»: Դա էլ բավականին վատ նստվածք է թողնում, ու քանի որ այս պատմությունը հրապարակային հարթակներում շրջանառվել է, կարող եք չկասկածել, որ վաղը-մյուս օրը զանազան կազմակերպությունների զեկույցներում արտացոլվելու է բավականին տհաճ արծարծումներով: Ու այդ զեկույցներում չեն դնելու, թե գիտե՜ք, խոսքն «անձնական սև ցուցակի» մասին է: Ոչ: Ուղղակի կասեն՝ այսինչ պետական կառույցի խոսնակը լրագրողների սև ցուցակ ունի: Կարճ ասած՝ այս «պատմության» տհաճ արձագանքները դեռ զանազան միջազգային կառույցների զեկույցներում, ենթադրում եմ, որ կհնչեն: 
Ինչ վերաբերում է հակակրանքներին կամ անհատական ընկալումներին: Բոլորն էլ մարդիկ են, լրագրողներն ու մամուլի քարտուղարներն էլ բացառություն չեն: Ու ամենևին պարտադիր չէ, նաև հնարավոր էլ չէ, որ բոլորը համատարած «ջան ասեն» ու «ջան լսեն»: Ավելին, որպես անհատներ՝ նրանք կարող են միմյանց հանդեպ դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ: Սակայն այդ անձնական ընկալումներով մասնագիտական գործունեությունն ու աշխատանքը պայմանավորելը կտրականապես սխալ է: Ենթադրենք, այսինչ մամուլի քարտուղարը «տանել չի կարողանում» այնինչ լրագրողին կամ նրա ներկայացրած լրատվամիջոցը կամ խմբագրին և այլն: Է, հետո՞: Իսկ եթե լրագրողներն էլ սկսեն, բանուգործ թողած, քննարկել, թե իրենք անհատապես ոնց են վերաբերվում կամ ինչ կարծիք ունեն այսինչ կամ այնինչ մամուլի քարտուղարի մասին: 
Առաջինները հարկատուների միջոցների հաշվին աշխատավարձ ստանում են ոչ դրա համար, որ իրենց անհատական համակրանք-հակակրանքով առաջնորդվեն մասնագիտական գործունեության ընթացքում: Ու գործատուներն էլ լրագրողներին հոնորարը դրա համար չեն տալիս: 
Առհասարակ, ինչպես լրագրողները, լրատվամիջոցներն են հասարակական պատվեր կատարում, այսինքն՝ կոչված են սպասարկելու հանրության՝ տեղեկատվական ու ազատ տեղեկատվության պահանջմունքը, այնպես էլ մամուլի քարտուղարներն են կոչված նույն գործին ծառայելու: Մեծ հաշվով՝ երկուսի գործունեությունն էլ զուգահեռվում է՝ չհաշված որոշ էական նրբություններ: 
Մամուլի քարտուղարներն, օրինակ, զուգահեռ խնդիր ունեն նաև իրենց գերատեսչությունը հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու հանրությանը: Այսպես ասած՝ «Պի-առ անեն»: Բայց դա, ախր նրանց գործունեության ուղղություններից մեկն է միայն, այլ ոչ թե միակը: 
Մամուլի քարտուղարի գործունեության հիմնական ուղղություններից մեկը, եթե ոչ առանցքայնագույնը, լրագրողին (հանրությանը) հետաքրքրող հարցերին հնարավորինս հստակ, փաստարկված, համոզիչ, սպառիչ և արագ պատասխանելն է: Եթե կուզեք, դրանից զիլ «պի-առ անել» չկա: 
Այդ չարչրկված «պի-առ»-ն էլ, հիշեցնեմ, ընդամենը հասարակայնության հետ կապեր է նշանակում: Հապա էլ ո՞նց պիտի «հասարակայնության հետ կապեր» պահես, եթե ոչ հաղորդակցվելով այդ հասարակայնության հետ՝ լինի դա միջնորդավորված, այսինքն՝ լրագրողների, լրատվամիջոցների, նրանց հարցերին պատասխանելու միջոցով, թե անմիջական շփմամբ (օնլայն հարցուպատասխան, հանդիպում քաղաքացիների հետ և այլն): Կարճ ասած՝ լրագրողների հետ պետք է կարողանալ համագործակցել, ըստ որում՝ կարողանալ աշխատել նաև նրանց հետ, ում, այսպես ասած, «տանել չեք կարողանում»: 
Ասել կուզի՝ լրագրողին ու նրա հարցերը «ցրելը», ինչ-որ անհեթեթ պատնեշներ կամ խոչընդոտներ հարուցելը ամենասխալ և հակաարդյունավետ բանն է, որ կարելի է անել: Այդպես դուք կարող եք բավականին երկար «սև ցուցակի» կոլեկցիոներ դառնալ՝ շարունակաբար ստանալով նորանոր խնդիրներ, իսկ վերջնարդյունքում՝ հասարակայնության հետ կապերի փոխարեն այդ կապերի խզում՝ չհաշված արդեն մնացյալ դառը պտուղները: 
Եվ էլի: Ես էլ, իհարկե, իմ անձնական կարծիքն ու վերաբերմունքն ունեմ շատ ու շատ մարդկանց մասին ու նկատմամբ, ինչպես նրանցից շատերը՝ իմ: Կունենան երևի: Բայց անձնականի հարց չէ…
Առավել ևս, եթե այսօր «Ա» լրագրողի կամ «Բ» ԶԼՄ-ի նկատմամբ է քամահրական մոտեցում դրսևորվել՝ անձնական ընկալումներից ելնելով, ապա վաղը նույնը կարող է տարածվել նաև մյուսների վրա: Իսկ դա արդեն մեծ սխալ է և անընդունելի է: 
Առայժմ այսքանը: Ինչպես կասվեր, «Ոչինչ անձնական ու զուտ մասնագիտականից ելնելով…»: 
Հարգանքով՝ Արմեն Հակոբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել