Դեռևս 2016 թվականի հուլիսի 25-ին կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր ՝ ցանկանում է ֆիլմ նկարել Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա ծռերի մասին։ Դրանից ուղիղ մեկ տարի անց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է Էգոյանի խոսքերը և ընդգծել․ «Պահանջելու ենք, որ իր խօստումը կատարէ...»։

Քաղաքական դաշտի համեմատաբար հանդարտ մթնոլորտը «շանթահարվում է» նոր քաղաքական օրակարգով, որի հեղինակներն ասպարեզ են գալիս բացառապես նոր ասելիքով։ Սասնա ծռերի ֆեյսբուքյան ակտիվն իր բողոքի նոտան է հղում՝ Ատոմ Էգոյանից պահանջելով նկարել խոստացված մարտաֆիլմը։ Անկեղծ ասած՝ մեզ թվում էր, թե օրվա հրամայականը իշխանափոխությունն է, բայց, դու մի ասա, ավելի կարևոր պահանջ կա՝ նկարել բոյեվիկ։
Կատակը՝ կատակ, ենթադրենք՝ Ատոմ Էգոյանը չի նկարում խոստացված թրիլլեր-բոյեվիկը, ո՞րն է լինելու ծռականների հաջորդ քայլը. կպահանջե՞ն նաև Էգոյանի հրաժարականը, թե՞, այնուամենայնիվ, կսահմանափակվեն օնլայնպիկետներով ու ֆեյսբուքականանց կտցա-ճչահարություններով։

Մոտավորապես պատկերացնում եմ Ատոմ Էգոյանի դեմքը, երբ նա ընթերցում է, որ իրեն ստիպում են ահռելի ֆինանասական միջոցներ ներդնել խոստացված թրիլլեր-բոյեվիկի նկարահանման համար։

Հ․Գ․ Ի դեպ, ես կարող եմ Ատոմ Էգոյանի այլընտրանքն առաջարկել։ Ֆիլմը կարող է նկարել, օրինակ, Տիգրան Խզմալյանը։ Ճիշտ է՝ նրա ոչ մի ֆիլմ ոչ ոք երբեք չի տեսել, բայց ասում են՝ կինոռեժիսոր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել