Կարծես, մոտ է հանգուցալուծումը շուրջ 10 օր շարունակվող իսրայելապաղեստինյան ճգնաժամի սրացման նոր շրջափուլի, որի զարգացումները հիմնականում տեղի էին ունենում Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան շրջակայքում: Իսրայելի գործադիր մարմնի ռազմաքաղաքական կազմի՝ անցած գիշեր տեղի ունեցած տևական նիստի և քվեարկության արդյունքում որոշում է կայացվել ապամոնտաժել մետաղադետեկտորներն ու տեսախցիկները, որոնք տեղադրվել էին հուլիսի 14-ին նշված շրջանում տեղի ունեցած հարձակումից հետո, երբ սպանվել էին Իսրայելի սահմանային ոստիկանության 2 ծառայողներ: Հավատացյալ պաղեստինցիները 10 օր շարունակ տարաբնույթ բողոքի գործողություններ էին իրականացնում՝ պահանջելով վերացնել վերոնշյալ անվտանգության միջոցները և ապահովել ազատ մուտքը Ալ-Ակսա մզկիթ: Մեքքայի և Մադինայի սրբատեղիներից հետո մուսուլմանների համար իր նշանակությամբ 3-րդ մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը որոշ չափով համախմբել էր նաև մուսուլմանական մի շարք երկրների: Իսրայելին թիրախավորած մեղադրական կոչերով են հանդես եկել Թուրքիայի, Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և այլ երկների ղեկավար շրջանակների ներկայացուցիչներ (բազմաթիվ մուսուլմանական երկրներում տեղի են ունեցել նաև պաղեստինցիների աջակցությանն ուղղված տարաբնույթ ակցիաներ), ԱՊԼ-ն, իսկ միջազգային առանցքային դերակատարների՝ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի մոտեցումներում առավելապես գերակշռում էր բալանսավորված մոտեցումը: Ճգնաժամի հանգուցալուծմանը միտված բավական ակտիվ ստվերային միջնորդական գործունեություն էին ծավալել ԱՄՆ-ն, Հորդանանը և Սաուդյան Արաբիան:

Պաղեստինցի արաբների ամենօրյա բողոքի գործողությունները տեղի էին ունենում ոչ միայն բուն Երուսաղեմի Հին քաղաքում, այլև Իսրայելի, ինչպես նաև՝ ՊԻ-ի մի շարք բնակավայրերում՝ բարձրացնելով ինչպես ահաբեկչական նոր սպառնալիքի հնարավորությունը, այնպես էլ՝ առավել լայնամասշտաբ բախումների՝ ընդհուպ «ինթիֆադայի» (ապստամբություն) հավանականությունը. նշված բողոքի ակցիաների և տարաբնույթ հարձակումների հետևանքով անցյալ 10 օրերի ընթացքում երկու կողմից գրանցվել է շուրջ 1 տասնյակ զոհ, հարյուրավոր վիրավորներ:

Ընդ որում՝ բախումները դուրս են եկել բուն Պաղեստինի տարածքից՝ հասնելով նաև Հորդանան: Մասնավորապես, հուլիսի 23-ին հարձակում է տեղի ունեցել Հորդանանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների կողմից վարձակալված բնակարանի դեմ: 17-ամյա արաբը մարմնական վիրավորում էր հասցրել հրեա անվտանգության ծառայողին, իսկ վերջինի պատասխան կրակից սպանվել են «ահաբեկիչը» և բնակարանի տերը՝ հորդանանցի բժիշկ: Այս միջադեպի հետևանքով Հորդանանի իշխանություններն արգելափակել էին Ամմանում իսրայելական դեսպանության շուրջ 3 տասնյակ աշխատակիցներին, այդ թվում նաև՝ վերոնշյալ անվտանգության ծառայողին, ում դեմ թագավորության իշխանությունները հայտարարել էին քրեական հետապնդում՝ ահաբեկչություն իրականացնելու մտադրության համար:

Հատկապես Ամանում տեղի ունեցած միջադեպից, նաև դրա հետևանքով առավել մեծացած միջազգային ճնշումներից հետո, ինչպես նաև շատ ավելի մասշտաբային բախումներից խուսափելու համար իսրայելական կողմը որոշեց գնալ փոխզիջման՝ դադարեցնել վերոնշյալ անվտանգային միջոցառումները՝ փոխարինելով դրանք ընդամենը «խելացի տեսախցիկներով», ինչի դիմաց Հորդանանի իշխանությունները թույլատրեցին Իսրայել վերադառնալ Ամմանում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչության ողջ անձնակազմին, այդ թվում նաև՝ անվտանգության աշխատակցին:

Անշուշտ, վերոնշյալ փոխզիջումային քայլերը, մեծ հավանականությամբ, կմեղմեն Երուսաղեմում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, բայց նաև վերջին սրացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ մինչ այս հնչած գնահատականները՝ մերձավորարևելյան ամենատևական և արյունալի հակամարտության իսրայելապաղեստինյան բաղադրիչի՝ վտանգավորության աստիճանի նվազման մասին անհեռատես էին. կասկածից վեր է՝այս քնած հրաբուխը կարող է հերթական անգամ ժայթքել ցանկացած պատեհ և անկանխատեսելի առիթի դեպքում՝ անկանխատեսելի մասշտաբներով ալեկոծելով ողջ տարածաշրջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել