Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության և միջազգային համագործակցության հիմնահարցերը:

ԱԻ նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան և արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա. մասնավորապես օպտիմիզացվելու է կառավարման համակարգը և թվայնացվելու են դիտացանցերը, ինչը թույլ կտա ավելի քիչ ռեսուրս ծախսելու պայմաններում ապահովել առավելագույն արդյունք:

Նախարար Տոնոյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը միջազգային ոլորտում՝ հատկապես դիտակայանների արդիականացման և դիտացանցերից ստացվող տեղեկատվության համալրման և թվայնացման գործընթացում՝ ներգրավվելով միջազգային մակարդակում իրականացվող ծրագրերում:

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը միջազգային համագործակցության գործընթացներում պետք է լինի նախաձեռնողի դերում, այլ ոչ թե՝ սպասողի»,- ասել է նախարարը:

Խորհրդակցության ավարտին նախարարը տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի՝ պաշտոնը զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով աշխատանքից ազատման մասին:

Ընդգծելով Հ. Պետրոսյանի ծավալուն և վաստակաշատ աշխատանքը սեյսմիկ պաշտպանության համակարգի ձևավորման գործընթացում՝ ԱԻ նախարարը վերջինիս պարգևատրել է ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով և ՀՀ ԱԻՆ շնորհակալագրով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել