Araratnews.am-ը գրում է.

68 տարեկանում մահացել է ձեռնարկատեր Արտյոմ Տարասովը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Յաբլոկո» կուսակցության մամուլի ծառայությանը, որի շարքերում նա 2016 թվականին Պետական դումայի պատգամավորի թեկնածու էր առաջադրվել:

Մահվան պատճառի, նրան հրաժեշտ տալու ամսաթվի եւ վայրի մասին Տարասովների ընտանիքը կհայտնի հուլիսի 24-ին՝ նշել են կուսակցության մամուլի ծառայությունից:

Արտյոմ Տարասովը ծնվել է 1950 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում, հայրը ֆոտոլրագրող Միխայիլ Արտյոմովիչ Տարասովն է, մայրը՝ գիտությունների դոկտոր Լյուդմիլա Վիկտորովնա Ալեքսեեւան: Հոր կողմից Տարասովը ծագում է Տարասովների հայ վաճառականական ընտանիքից: Նրա պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ Արտյոմ Տարասովը բարերար Նիկոլայ Տարասովի թոռան մակարդակով զարմիկն է, ինչպես նաեւ ֆրանսիացի գրող Լեւ Տարասովի ազգականը, որն առավել հայտնի է Անրի Թրուայա անունով, եւ Գավրիլի (Գրիգորի) Տարասովի ժառանգն է, որի պատվերով ճարտարապետ Ի.Վ.Ժոլտովսկին Մոսկվայում շենք է կառուցել Սպիրիդոնեւսկի նրբանցք հասցեում: Տարասովին անվանել են խորհրդային առաջին ձեռնարկատեր, որն օրինականորեն միլիոնատեր է դարձել:

1987 թվականին նա կոոպերատիվ է գրանցել համար 10-ի ներքո: Ընդամենը 2 տարի հետո՝ 1989 թվականին նա դարձել է առաջին օրինական միլիոնատերը. այդ տարի կոոպերատիվի շահույթից 3 մլն ռուբլի աշխատավարձ են վճարել, որից նա ԽՄԿԿ-ին 3 տոկոսի չափով կուսակցական անդամավճար է վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել