Panorama.am-ը գրում է.
 Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանն իր բլոգում հրապարակել է թուրքական բանտերում իր անցկացրած երեքուկես տարիների ու փախուստի պատմությունը:

«2014թ. հունվարի 2-ին բանտարկվեցի Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Բաց ռեժիմի բանտը համեմատաբար հանգիստ է, սակայն դրա փոխարեն ստիպված ես կողք-կողքի ապրել սահմռկեցուցիչ կրթության մակարդակով և նույնատիպ բարոյական արժեքներով մի քանի հարյուր մարդու հետ: Ստիպված ես հանդուրժել գրեթե նրանց մակարդակին գտնվող ղեկավար կազմի վիրավորանքներն ու ստորացումները», -«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ գրել է Նիշանյանը:

Այնուհետև հեղինակը պատմում է, թե ինչպես իր վարքուբարքը հավանության չարժանացավ բանտի ղեկավարության կողմից և մեկ ամիս անց նա տեղափոխվեց փակ ռեժիմի բանտ: Այստեղ՝ Բուջայի փակ բանտում, անվանի մտավորականը 40 հոգու համար նախատեսված բանտախուցը կիսում է 120 բանտարկյալի հետ: Այնուհետև տեղափոխվում է Շաքրանի փակ ռեժիմի բանտ, որտեղ մեկ ամիս անցկացնում է մասսայական սպանդի համար 56 տարվա ազատազրկման դատապարտված դիարբեքիրցի մի կալվածատիրոջ և նրա հանցակցի հետ նույն բանտախցում:

2014թ. հուլիսին Նիշանյանին տեղափոխում են Այդընի Յենիփազար փակ բանտը: Այստեղ նա մեկ հոգանոց ազատ բանտախուց և շաբաթական 5 օր 6-ական ժամ համակարգչից ու ինտերնետից օգտվելու հնարավորություն է ստանում: 14 ամիս այդ պայմաններում աշխատում է իր հեղինակած բառարանի վրա, ուսումնասիրում հարյուրավոր թուրքերեն ու օսմաներեն աղբյուրներ: Այդ ընթացքում մտավորականի դեմ հարուցված դատական գործերը շարունակվում են և նրան տրված պատժաչափը ավելանում է՝ նախ հասնելով 11, ապա՝ 17 տարվա:

2015թ. օգոստոսին բաց ռեժիմի Սյոքե բանտ տեղափոխվելով՝ Նիշանյանը ստանում է մեկշաբաթյա արձակուրդի իրավունք: Այդ արձակուրդներից երկրորդը համընկնում է նրա ծննդյան օրվա հետ. «Որոշեցի ընկեր-բարեկամների համար խնջույք կազմակերպել: Չգիտեմ՝ որտեղից մի պարուհի հայտնվեց ու մի լրագրող, որ չգիտեմ, թե ինչու էր այնտեղ գտնվում, անմիջապես լուսանկարեց մեզ: Ու մի ոչնչություն, որ չեմ հասկանում, թե ինչու է ապրում, մեծացրեց ու  իր թերթի մի անկյունում հրապարակեց այդ նկարը»,-պատմում է Նիշանյանը:

Դրանից մի քանի շաբաթ անց բանտում Նիշանյանին «բռնում են» համակարգչից օգտվելիս ու անջատում ինտերնետ կապը: Ապա նա կրկին տեղափոխվում է փակ ռեժիմի բանտ ու ստանում բազմաթիվ կարգապահական պատիժներ: 2016թ. մարտին տեղափոխվում է Մենեմենի փակ բանտ, որտեղ դեպրեսիայից նրան փրկում է փոքր դստերը՝ Անահիտին ուղղված նամակների տեսքով գրքի վրա աշխատանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել