Ինչպես երևում է, մեր համատարած պոռոտախոսության հետևում թաքնված է նույնքան համապարփակ տհասություն ու տգիտություն, որն ամեն առիթով հանգեցնում է անթույլատրելի, վտանգավոր ու վախեցնող ինքնագործունեության: Ահա հերթական օրինակը: Ըստ ամենայնի՝ ոչ առանց, այսպես կոչված, լիազոր մարմնի՝ Մշակույթի նախարարության իմացության, Գեղարդավանքի մուտքի ճանապարհը «զարդարարել են» Ջուղայի գերեզմանային խաչքարերի ինքնուս նմանակումներով: Այո՛, նմանակումներով և ոչ թե կրկնօրինակներով, քանի որ բնօրինակներից տարբերվում են չափսերով, նյութով, գույնով, կատարման տեխնիկայով, պատվանդանով, գրային հավելումներով և այլն: Բայց նույնիսկ եթե դասական կրկնօրինակներ լինեին, միևնույն է, դրանք որևէ պատրվակով ո՛չ Գեղարդավանքում, ո՛չ էլ որևէ միջնադարյան հուշարձանախմբում տեղադրել չէր կարելի: Պատմությունից, հնագիտությունից, ճարտարապետությունից կամ արվեստաբանությունից տարրական պատկերացում ունեցողին պիտի պարզ լիներ, որ Գեղարդավանքը դարերով կազմավորված և ավարտուն հոգևոր-մշակութային համալիր է՝ ինքնին մի անկրկնելի ու փառավոր զարդ և այն որևէ կերպ «զարդարելու» ցանկությունը ծայրահեղ գավառամտություն է:

Գեղարդավանքը ո՛չ ջուղայական, ո՛չ էլ այլ կարգի նոր խաչքարերի կարիք չունի. այստեղ բազմաթիվ խաչքարեր կան, և այնտեղ են, որտեղ պիտի լինեն՝ իրենց նախաստեղծ տեղում ու վիճակում: Եվ այդ խաչքարերը ծաղկուն միջնադարի՝ 12-14-րդ դարերի իրենց ոճով ու գեղարվեստական կատարելությամբ անհամեմատելիորեն ավելի բարձր են, քան պարսկական ու արևելյան զարդարվեստի ակնհայտ ազդեցությամբ ստեղծված ու ձանձրալիորեն միապաղաղ զարդամոտիվներով հարդարված ջուղայական խաչքարերը: Ավելորդ է հիշեցնել, որ նման կարգի բարձրարվեստ պատմաճարտարապետական համալիրներում օրենքով, առհասարակ, արգելվում է նույնիսկ ամենաչնչին միջամտություն կամ հավելում: Իսկ այս չարաբաստիկ խաչքարերը, որոնք վերջերս սկսել են զանգվածաբար թողարկվել ինչ-որ ճարպիկ ինքնուս խաչքարագործի կողմից և արդեն հասցրել են գրավել նույնիսկ Հանրապետության հրապարակի հարակից այգին՝ չափից դուրս գովազդվելով, արժեքազրկում ու խեղաթյուրում են հայ դասական խաչքարագործության իրական նվաճումները, խաթարում խաչքար-երևույթի իրական խորհուրդը...
Հ.Գ. Մի քիչ ավելի մատչելի օրինակ բերեմ. սա նույնն է, եթե ինչ-որ մեկը փորձի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նախամուտքը «հարդարել» ինչ-որ ինքնուս նկարչի էժանագին նկարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել