Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու առաջարկին։ Այն հարցին, թե կմիանան արդյոք իրենք Մարուքյանի առաջարկին, Մարտիրոսյանը պատասխանել է, որ իրենք չեն կարող միանալ այդ օրակարգին, քանի որ այդ հարցն իրենց մոտ շատ վաղուց եղել է։ Ըստ Մարտիրոսյանի՝ նախկինում, երբ Ժառանգությունը հանրահավաք էր հրավիրել և բաց հարթակ հայտարարել, այդ ժամանակ Ելքի անդամները կարող էին միանալ իրենց։ Մարտիրոսյանը նաև հավելել էր․ «Մենք երևի թե ավելի շատ քաղաքական փորձ ունենք և գիտենք, թե դա ինչ է նշանակում: Եթե Հայաստանում նման ընթացք լինի, բնականաբար, «Ժառանգությունը» չի կարող իր օրակարգից հեռանալ և շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին, որ այդ պատկերացումն արդեն ունեն»:

Ազգային ժողովում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանն այն եզակիներից էր, ով դեմ քվեարկեց։ Սա ֆիքսենք Արմեն Մարտիրոսյանի այն խոսքի շրջանակներում, թե լավ է, որ այդ պատկերացումն արդեն ունեն։ Մշտապես Ելք դաշինքից հնչել են տեսակետներ, որոնք առավելագույնս ընդգծում են Մարտիրոսյանի նշած պատկերացումները։ 
Ժառանգության փոխնախագահը նշում է, թե իրենք ավելի մեծ քաղաքական փորձ ունեն։ Կարծում եմ՝ տեղին է հիշել Ժառանգություն կուսակցության խայտառակ քանդուքարափ պատկերը։ Այո, չենք վիճի, քաղաքական փորձ նրանք ավելի շատ ունեն։ Ժողովրդին հավաքել ու տուն ճանապարհելու ավելի մեծ փորձ ունեն, քան Ելքը, հուսախաբության ալիք բարձրացնելու ավելի մեծ փորձ ունեն, քան Ելք-ականները, և վերջապես, ընդդիմության լիդերից ծաղրանքի առարկա դառնալու ավելի մեծ քաղաքական փորձ ունեն, քան Ելք դաշինքը։

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի ողջույններին Ժառանգության օրակարգին միանալու կապակցությամբ, ապա պետք է նկատենք, որ ԵՏՄ-ից դուրս գալու տեսակետի հեղինակային իրավունքները չեն պատկանում Ժառանգություն կուսակցությանը։ Մարտիրոսյանը պետք է դուրս գա առաջինը լինելու կոմպլեքսներից և դադարի իրերին նայել «դուք միացաք մեզ» քաղաքական կույրի տրամաբանությամբ։ Վերջապես պետք է հասկանալ, որ կարևորը արդյունքն է այլ ոչ առաջինը լինելու մոլուցքը։ Ենթադրենք, թե Ժառանգությունն է առաջին ցույցն արել, և՞․․․ ի՞նչ արդյունքներ է քաղել ու ի՞նչ է դրանից փոխվել։ Մարտիրոսյանը փայլուն քաղաքական գործիչ դառնալու պոտենցիալ ուներ, սակայն Ժառանգության ներսում տիրող լճացումը քայքայեց նրան։ Ստիպված ենք հիշեցնել, որ Ժառանգություն կուսակցությունից նույնպես Ելք կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել