«Ստանդարտ» տրիենալեի շրջանակներում երեկ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Իլյա և Էմիլյա Կաբակովների «Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ» ինստալացիաների ցուցադրությունն  էր, իսկ կողքի սրահում հյուրերը վայելում էին «Համերգ ճանճի համար» գեղեցիկ երաժշտությունը:

Ոչ ստանդարտ անվանում ունեցող համերգը՝  «Համերգ ճանճի համար», յուրօրինակ էր նրանով, որ փոքր շրջանով դասավորված էին տասներկու նոտակալ, յուրաքանչյուրի ետևում՝ աթոռ: Նոտակալների կազմած շրջանի կենտրոնում ամենավերևից՝ մոտ 3.5 մետր բարձրության վրա, անշարժ կախված է ճանճը՝ թղթին նկարած, և չնայած նրա փոքր չափսերին՝ շատ հեշտ կարելի էր նկատել:

Բացումը տեղի ունեցավ 19:30, և կենդանի համերգ տվեցին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի սաները:

Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը նկատեց, որ տրիենալեն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, և դրա մասին դեռ շատ չի խոսվել. «Մարդիկ գուցե դեռ չգիտեն, թե դա ինչ է: Մեր հիմնած տրիենալեն դեռ պետք է ժամանակի ընթացքում բացահայտվի»:

Նա նաև նշեց, որ ժամանակակից արվեստը Հայաստանում զարգացման լավ մակարդակի վրա է. Գյումրիում կազմակերպվում է բրիենալե, Երևանում գործում են ակտիվ կենտրոններ, հիմնադրամներ. «Տրիենալեն միտում ունի ստեղծելու այնպիսի հարթակներ, որ տարբեր ստեղծագործող տարրերը միավորվեն կամ գոնե կարողանան միասնական գործունեություն ծավալել»:

«Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ»-ում դիտորդը տեսնում է անսովոր մեծ սեղան, որն ամբողջությամբ տեղ է գրավել սենյակի հատվածում: Սեղանի կենտրոնում ափսեով խնձոր կա դրված, որին անհնար է հասնել: Սեղանին՝ ափսեների կողքին դրված ափսեների դրած տեքստերում, բացատրված է խնձորին հասնելու մի որևէ «եղանակ», որն ամեն անգամ նոր է և անակնկալ՝ փիլիսոփայական, լեզվաբանական, մոգական, տեխնոլոգիական, հոգեբանական, քաղաքական և այլն: Յուրաքանչյուր բացատրություն նկարագրված է արտասովոր մանրամասնությամբ և շատ լրջորեն: Ինչ-որ իմաստով՝ բոլոր քսան եղանակները միասին ներկայացնում են հայթայթման հնարավոր բոլոր ձևերի փոքրիկ հանրագիտարան՝ բացառելով, իհարկե, ամենապարզ, բայց անհասանելի ձևը՝ ձեռքը պարզելու և խնձորը վերցնելու տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել